Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանը՝ «Ոսկե գլոբուսի» դափնեկիր
13 Հունվարի 2026, 20:40
«Ոսկե գլոբուս-2026» մրցանակաբաշխությունը, որը 1944 թվականից ի վեր շնորհվում է Հոլիվուդի արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի կողմից կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության ոլորտում կատարված աշխատանքների համար, որոշել է նոր սեզոնի ֆավորիտներին:
«Մեղավորները» գոթական դրաման, որի պրոդյուսերական կազմում ընդգրկված է ազգությամբ հայ Սև Օհանյանը, հաղթել է «Կինեմատոգրաֆիական և դրամարկղային ձեռքբերումներ» անվանակարգում:
Այս մրցանակը վկայում է համաշխարհային լսարանի զգալի աջակցության մասին՝ շնորհիվ խոշոր դրամարկղային մուտքերի: Այս պահին Ռայան Կուգլերի «Մեղավորները» ֆիլմը հավաքել է մոտ 280 միլիոն դոլար ԱՄՆ-ում, 88,3 միլիոն դոլար՝ այլ երկրներում, և հետաքրքրությունը բլոկբաստերի նկատմամբ շարունակում է աճել:
Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանն իր կինոկարիերան սկսել է 20 տարեկանում՝ «Իմ մեծ հայկական ընտանիքը» ֆիլմով: Նրա ֆիլմերից են «Հուդան և սև մեսիան», «Տիեզերական ջեմ. նոր ժառանգություն», «Քրիդ 3», «Անհետ կորածը» և այլն: