ԱԱԾ-ն հերքում է Սյունիքում դիվերսանտների առկայության մասին լուրերը. ապօրինի սահմանահատը մեկն է եղել

02 Հոկտեմբերի 2026, 20:11

Քաղաքականություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հանդես է եկել պարզաբանմամբ՝ արձագանքելով սույն թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում Ադրբեջանի զինծառայող Ն. Մուսաևի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվող ապատեղեկատվությանը:

Կառույցից հայտնում են, որ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատել է բացառապես մեկ անձ՝ Ադրբեջանի Հանրապետության զինծառայող Ն. Մուսաևը, ով ներկայումս նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ կալանավորված է:

ԱԱԾ-ն բացարձակ անհիմն և իրականությանը չհամապատասխանող է որակում այն լուրերը, թե սահմանահատները եղել են մեկից ավելի, հանդիսացել են դիվերսանտներ կամ որ իրավապահ մարմինների կողմից ներկայումս որոնողական աշխատանքներ են իրականացվում:

Ազգային անվտանգության ծառայությունը հանրությանը հորդորում է տուրք չտալ ապատեղեկատվությանը և հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին: