Առաջնորդ ծնված գնդապետը. Վահագն Ասատրյանի պատմությունը
14 Հունվարի 2026, 22:00
Վահագն Ասատրյանը ծնվել է 1977 թվականի հունվարի 14-ին Հայկական ԽՍՀ Նաիրիի շրջանի Քասախ գյուղում։ Վաղ տարիքից մեծ հետաքրքրություն է ցուցաբերել զինվորական գործի նկատմամբ, և մասնագիտության ընտրությունը գիտակցված քայլ էր։ Այդ որոշման մեջ կարևոր դեր է խաղացել նրա մորեղբայրը՝ գեներալ Աստվածատուր Պետրոսյանը, ով նրա համար օրինակ ու խորհրդատու է եղել։
Վահագնը 1994 թվականին ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան։ 1997 թվականին վարժարանն ավարտելուց հետո սկսվել է նրա բազմամյա ծառայությունը Հայաստանի զինված ուժերում։
Ասատրյանը ստացել է փայլուն կրթություն՝ ավարտելով հինգ ռազմական բուհ, ինչը նրան թույլ է տվել զբաղեցնել պատասխանատու պաշտոններ և զգալի ավանդ ունենալ բանակի զարգացման գործում։ Նա ծառայել է տարբեր զորամասերում՝ դրսևորելով իրեն որպես կարգապահ և տաղանդավոր սպա։ 2015-2017 թվականներին եղել է Մարշալ Բաղրամյանի անվան զորամասի հրամանատարը և Արմավիրի կայազորի պետը։ 2017-2020 թվականներին շարունակել է ծառայությունը այլ ստորաբաժանումներում՝ ամրապնդելով բանակի մարտունակությունը և պատրաստելով անձնակազմին բարդ առաջադրանքների կատարմանը։
2020 թվականի աշնանն՝ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, գնդապետ Ասատրյանը գտնվում էր առաջնագծում։ Նա ղեկավարում էր ստորաբաժանումները Հադրութի համար մղվող ծանր մարտերում։ Նրա արիությունն ու վճռականությունն օրինակ դարձան զինվորների և սպաների համար։ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Վահագն Ասատրյանը զոհվեց մարտի դաշտում՝ մինչև վերջ ցուցաբերելով տոկունություն և հավատարմություն Հայրենիքին։
«Կա թևավոր խոսք՝ հերոսներ չեն ծնվում, հերոսներ դառնում են։ Բայց այս պարագայում ինձ թվում է, որ գնդապետ Ասատրյանը հերոս ծնվել էր։ Նա նախ և առաջ մարդ էր, նոր զինվորական, առաջնորդ, որն իր հետևից տանում էր ողջ անձնակազմին», Վահագն Ասատրյանի մասին ասել է են ծառայակիցը։
Մեկ այլ ծառայակից էլ նշել է. «Նրա ժպիտն ուղղակի հալեցնում էր ցանկացած մարդու։ Եվ ես երբեք չեմ տեսել, որ նա որևէ մեկի վրա բարկանար»։
Այս խոսքերն արտացոլում են ոչ միայն նրա զինվորական սխրանքը, այլև այն մարդկային ջերմությունը, որը նրան հարազատ էր դարձնում բոլորի համար։
Վահագն Ասատրյանն ամուսնացած էր, ուներ երկու որդի: Բացառիկ արիության և անձնուրացության համար նրան հետմահու շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի կոչում։ Սա երկրի բարձրագույն պետական պարգևն է, որն ընդգծում է նրա անգնահատելի ավանդը ժողովրդի և պետության պաշտպանության գործում։