Ադրբեջանում հայ գերիներին արգելել են Աստվածաշունչ կարդալ, անգամ այրել են կրոնական սիմվոլներով դաջվածքները

17 Հունվարի 2026, 13:35

Քաղաքականություն

Հունվարի 12-ին ստացվել են տեղեկություններ` գերիների առողջական վիճակի մասին, որոշ լուսանկարներ են կցվել թե՛ խցերի, թե՛ անձանց վիճակի առումով։ Սա, սակայն, Ադրբեջանը պետք է աներ նոյեմբերի 4-ին, բայց արել է հունվարի 12-ին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Յոթ ամիս դադարից հետո՝ դեկտեմբերի 24-ին ու 25-ին, Կարմիր խաչից այցելել են հայ գերիներին։ Սիրանուշ Սահակյանը չի բացառել, որ էլի կայցելեն կառույցից հայ գերիներին։

Սահակյանը հայտարարել է, որ ռազմագերիների խնդիրն ունի նաև կրոնական ասպեկտ։

«Մենք գործ ունենք քրիստոնյա հայերի դատապարտման հետ, որ քրիստոնեությունը վերաբերմունքի առումով գործոն է, մեզ ցուցադրում են կրոնական սիմվոլներին առնչվող հարցեր, օրինակ՝ թեև անձին թույլատրվում է գրքեր տրամադրել, սակայն հնարավոր չէ փոխանցել Աստվածաշունչը։ Արգելվել է թե՛ Ռուբեն Վարդանյանին, թե՛ մյուս բանտարկյալներին»,- հավելել է նա։

Փաստաբանը նշել է, որ անգամ այրել են կրոնական սիմվոլներով դաջվածքները։