Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Ադրբեջանը պահանջում է Մեղրիի երկաթուղու վերահսկողությունը

21 Հունվարի 2026, 19:00

(Ալիևը հարձակվում է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի վրա)

«Հայաստանի Արտաքին հետախուզության ծառայությունՆ (ԱՀԾ) այսօր հրապարակել է զեկույց, որտեղ նշված են Ադրբեջանի էքսպանսիոնիստական քաղաքականության և ներկայիս տարածաշրջանային իրավիճակի հետ կապված մի շարք էական ռիսկեր: Սակայն, բացի պաշտոնապես նշված սպառնալիքներից՝ ռազմական ճնշումից մինչև դիվանագիտական շանտաժ, փաստաթղթից դուրս է մնացել մի չափազանց վտանգավոր և ռազմավարական նշանակություն ունեցող ասպեկտ: Խոսքը Մեղրիի երկաթգծի նկատմամբ Բաքվի աճող հավակնությունների մասին է: Այսօր այս թեման դադարել է լինել նեղ փորձագիտական շրջանակների քննարկման առարկա և վերածվել է Ադրբեջանի պետական քարոզչության առանցքային տարրի, ինչը պահանջում է անհապաղ և խորը վերլուծություն՝ հատկապես պաշտոնական Երևանի տարօրինակ, եթե չասենք՝ վախեցնող լռության ֆոնին:

Վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի տեղեկատվական դաշտը ողողված է հայտարարություններով, որոնք դժվար է մեկնաբանել այլ կերպ, քան Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասի փաստացի օտարման իրավական և քաղաքական հիմքերի նախապատրաստում: Ադրբեջանի նախկին արտգործնախարարներ Թոֆիկ Զուլֆուգարովը և Էլմար Մամեդյարովը սինքրոն կերպով հնչեցրել են այն թեզը, թե Ադրբեջանն իբր սեփականության իրավունք ունի Մեղրիի երկաթգծի նկատմամբ:

«Փաստարկումը» հիմնված է խորհրդային ժառանգության վրա. պնդում են, որ քանի որ խորհրդային տարիներին տվյալ երկաթգիծը գտնվել է «Ադրբեջանական երկաթուղու» հաշվեկշռում, ապա ժամանակակից հանրապետությունը, որպես իրավահաջորդ, ունի դրա նկատմամբ բացառիկ իրավունքներ: Այն փաստը, որ այս հայտարարությունները հնչում են ադրբեջանական դիվանագիտության «ծանրքաշայինների» շուրթերից և հեռարձակվում են պետական լրատվամիջոցներով, վկայում է այն մասին, որ սա թոշակառուների անհատական կարծիքը չէ, այլ հողի նախապատրաստում և պետական մակարդակով ապագա պահանջների լեգիտիմացում:

Բաքուն պլանավորված կերպով քննարկումը «կոմունիկացիաների ապաշրջափակման» հարթությունից տեղափոխում է «սեփականության իրավունքի վերականգնման» հարթություն: Եթե նախկինում խոսքը տարանցման իրավունքի մասին էր, ապա հիմա՝ տիրապետման: Սա հռետորաբանության որակական փոփոխություն է, որը հիմնովին փոխում է բանակցությունների էությունը: Այս իրավիճակում Հայաստանի ԱԳՆ-ի և կառավարության ապարատի կողմից հստակ և կոշտ պաշտոնական արձագանքի բացակայությունը չափազանց մտահոգիչ է: Դիվանագիտության մեջ լռությունը հաճախ ընկալվում է որպես համաձայնության նշան կամ, առնվազն, թուլության և սեփական դիրքորոշումները պաշտպանելու անկարողության դրսևորում:

Այս ամենը տեղի է ունենում այն հավաստիացումների ֆոնին, թե Հայաստանը և ԱՄՆ-ը համաձայնեցրել են TRIPP նախագծի հայեցակարգը: Մեզ փորձում են ներկայացնել այս նախագիծը որպես Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության երաշխիք՝ պնդելով, թե միջազգային մասնակցությունը և արևմտյան ներդրումները վահան կդառնան տարածքային հավակնությունների դեմ: Սակայն մանրուքների մեջ է թաքնված վտանգը: Իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արդեն բացահայտ հայտարարել է, որ այդ երթուղու վրա հայ սահմանապահներ չեն լինելու. նրանց փոխարինելու են ժամանակակից տեխնիկական միջոցները՝ նույն այդ «սկաներները»:

Այստեղ առաջանում է տրամաբանական և էկզիստենցիալ հակասություն: Կարո՞ղ է պետությունը համարվել ինքնիշխան տրանսպորտային միջանցքի նկատմամբ, եթե այնտեղ չի իրականացնում ֆիզիկական հսկողություն իր սահմանապահ և մաքսային ծառայությունների ուժերով: Կենդանի հսկողության փոխարինումը տեխնիկականով այն պայմաններում, երբ հարևան պետությունը բացահայտ հայտարարում է այդ ենթակառուցվածքի նկատմամբ իր սեփականության իրավունքների մասին, նման է քողարկված կապիտուլյացիայի: Միջազգային պրակտիկայում կրիտիկական ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողությունը հանդիսանում է ինքնիշխանության անբաժանելի հատկանիշ: Սահմանապահների ներկայությունից հրաժարվելը հօգուտ «սկաներների»՝ արդիականացում չէ, այլ Մեղրիի հատվածը միջազգային կամ ադրբեջանական կառավարման ներքո արտատարածքային անկլավի վերածելու քայլ, որքան էլ այն գեղեցիկ կձևակերպվի արևմտյան հասկացություններում:

Փաստացի մենք ականատես ենք լինում բազմաշերտ սցենարի իրականացմանը: Ադրբեջանը մեծացնում է պահանջները՝ առաջ քաշելով սեփականության մաքսիմալիստական հավակնություններ, որպեսզի դրա ֆոնին ցանկացած «փոխզիջումային» լուծում (օրինակ՝ վերահսկողության հանձնումը մասնավոր պահնորդական ընկերության կամ միջազգային օպերատորի՝ հայ ուժայինների բացակայության պայմաններում) հայ հասարակության համար թվա որպես փոքրագույն չարիք: Ընդ որում, Երևանն իր լռությամբ միայն սնում է Բաքվի ախորժակը:

Ենթակառուցվածքային պատերազմը, որը սանձազերծել է Ադրբեջանը, հարվածում է հայկական պետականության ամենազգայուն կետին: Եթե Մեղրիի ճանապարհի սեփականության մասին պահանջները ինստիտուցիոնալացվեն, Հայաստանը ռիսկի է դիմում կորցնել ոչ միայն լոգիստիկ վերահսկողությունը, այլև իր հարավային տարածաշրջանի լիարժեք կառավարման հնարավորությունը: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն այնքան ակտիվորեն գովազդում է կառավարությունը, կարող է վերածվել «Ինքնիշխանության փակուղու», որտեղ Հայաստանը կլինի միայն հողի ձևական տերը, իսկ տնօրինողը կլինեն ուրիշները:

Զուլֆուգարովի և Մամեդյարովի հայտարարությունները, թե «երկաթգիծը պատկանում է Ադրբեջանին», ուղղակի սպառնալիք են տարածքային ամբողջականությանը: Այն փաստը, որ Հայաստանի կառավարությունն այս առիթով հրատապ խորհրդակցություններ չի հրավիրում և չի հերքում միջազգային իրավունքի տեսանկյունից այս աբսուրդային հավակնությունները, վտանգավոր նախադեպ է ստեղծում: Միջազգային հանրությունը, ներառյալ միջնորդները՝ հանձինս ԱՄՆ-ի և ԵՄ-ի, տեսնում են, որ հայկական կողմը հարցը կտրուկ չի դնում: Հետևաբար, նրանց ընկալմամբ, այս թեման կարող է դառնալ սակարկության առարկա:

Ամփոփելով՝ հարկ է նշել, որ ԱՀԾ զեկույցը, իր ողջ կարևորությամբ հանդերձ, միայն թեթևակիորեն դիպչում է այսբերգի գագաթին: Հիմնական սպառնալիքն այսօր ոչ միայն սահմանին նոր էսկալացիայի հավանականությունն է, այլև «իմաստների լռելյայն անեքսիան», երբ Հայաստանին վարժեցնում են այն մտքին, որ իր երկաթուղիներն իրեն չեն պատկանում, իսկ իր ինքնիշխանությունը կարող է փոխարինվել թվային սենսորներով:

Քանի դեռ Ադրբեջանը իրավական բազա է նախապատրաստում էքսպանսիայի համար, Երևանը տարված է հայեցակարգերով, որոնք չեն պարունակում գլխավորը՝ սեփական տարածքի նկատմամբ իրական, ֆիզիկական վերահսկողության մեխանիզմներ: Առանց Բաքվի հավակնությունների հստակ գնահատականի և առանց սահմանային վերահսկողությունը բանակցությունների օրակարգ որպես անսակարկելի պայման վերադարձնելու, խաղաղության մասին ցանկացած խոսակցություն կմնա միայն վարագույր՝ հարավում հայկական պետականության աստիճանական ապամոնտաժման համար:

Մտածե՛ք այդ մասին․․․»։