Այսօր մենք ներկա եղանք Փաշինյանի աշխարհաքաղաքական ֆիասկոյին․ Վիկտոր Սողոմոնյան

Հայաստանը վաղուց է ընտրել եվրոպական ուղին։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է Alpha Media House-ի հիմնադիր, քաղաքական գիտությունների դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը։

«Ըստ էության գործ ունենք մի գործընթացի ավարտի կամ գագաթնակետի հետ, որը հայկական կողմը վաղուց է սկսել։ Խոսքը վերաբերում է եվրոպական ուղուն, որը Հայաստանը բռնել է։ Ակնհայտ է, որ այդ ուղին անցնում է ի հեճուկս Ռուսաստանի։ Գոյություն ուներ մոտեցում, թե կա մի կառույց՝ Ռուսաստանը, որի հետ Հայաստանը չի ցանկանում առնչություն ունենալ։ Իհարկե ԵԱՏՄ-ում աշխատում ենք, սակայն ՀԱՊԿ-ի հետ գործ չունենք։ Ի սկզբանե ձևավորված էր վերաբերմունք, որի այլընտրանքն իբր եվրոպական ուղին էր։ Այս ճանապարհը Հայաստանը սկսել է վաղուց, իսկ ռուսական կողմը հանդարտ դիտում էր, թե ինչ է տեղի ունենում»,- նշել է Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով Աստանայում ԵԱՏՄ առաջնորդների՝ Հայաստանի վերաբերյալ համատեղ հայտարարությանը։

Նրա խոսքով՝ քաղաքագիտորեն ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։

«Պատկերացնում եք, թե այս ամբողջ շրջանում ինչ բարդ խնդիրներ ենք քննարկում՝ հայ- թուրքական հարաբերություններ, հայ-ադրբեջանական հարցեր, Արցախի խնդիր, զինանշանի թեմա։ Հիմա ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի վերջնագրերը դարձել են նոր բարդ խնդիրներ, որոնք ունեն մեկ պարզ լուծում՝ Փաշինյանի չվերընտրվելը։

Եթե ընտրություններ չլինեին, ապա հնարավոր կլիներ ասել, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս, և Հայաստանում տեղի է ունենում օրինական ու խաղաղ իշխանափոխություն։ Այդ դեպքում հունիսի 8-ի առավոտյան խնդիրները պարզապես գոյություն չէին ունենա, քանի որ վերջնագրի հասցեատերը չի վերընտրվել։ Այսինքն՝ քաղաքական միակ ուժը Հայաստանում, որը պնդում է, թե պետք է անդամակցել ԵՄ-ին և բռնել այդ ուղին, այլևս իշխող չէ։ Այդ դեպքում մի շարք խնդիրներ, այդ թվում՝ Թուրքիայի, Ադրբեջանի և 300 հազար ադրբեջանցիների հետ կապված պայմանավորվածությունների հարցերը, այլևս օրակարգում չեն հայտնվում։

Մեծ հաշվով այսօր մենք ներկա եղանք Փաշինյանի աշխարհաքաղաքական ֆիասկոյին»,- ընդգծել է Վիկտոր Սողոմոնյանը։