Իրադարձությունների զարգացումը ցույց տվեց և՛ օրենքի նպատակը, և՛ դրա ընդունման հրատապությունը. Ավետիք Չալաբյան
26 Հունվարի 2026, 15:52
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը քննադատել է հունվարի 23-ին Ազգային ժողովի կողմից «հրատապ ռեժիմով» ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունները։ Ըստ Չալաբյանի՝ այս նախագիծը հանրության շրջանում արդեն ստացել է «ընդդեմ Հայաքվեի և ժողովրդավարության» օրենք անվանումը։
Նա նշել է, որ օրենքի նախագիծը խորհրդարանի օրակարգում է հայտնվել նիստի նախորդ օրվա երեկոյան՝ հնարավորություն չտալով ծանոթանալ դրա բովանդակությանն ու հասկանալ դրա ծագումնաբանությունը:
«Այդ զարգացումները մեզ համար մեծ անակնկալ էին։ Իրադարձությունների զարգացումը ցույց տվեց և՛ օրենքի նպատակը, և՛ դրա ընդունման, այսպես կոչված, հրատապությունը»,- հայտարարել է Ավետիք Չալաբյանը։
Նա նաև անդրադարձել է դատական համակարգի վերջին որոշումներին՝ տեղեկացնելով, որ դատարանը նորից մեկ ամսով երկարացրել է Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը։
Չալաբյանը սա որակել է որպես քաղաքական բանտարկություն և հերթական քայլ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա սպասավորների դեմ ծավալված արշավի շրջանակներում։