Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանին նվիրված «Ոսկե դուբլ» ֆիլմի պրեմիերան

27 Հունվարի 2026, 20:55

Մշակույթ

Մոսկվայում տեղի է ունեցել «Ոսկե դուբլ» ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանին։

Ֆիլմը պատմում է նրա մարզչական կարիերայի առանցքային փուլերից մեկի մասին․ հենց Սիմոնյանի գլխավորությամբ երևանյան «Արարատը» դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և նվաճել երկրի գավաթը։

Գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ մշակույթի նախարարությանը և մեկնաբանել Հայաստանում որոշ հակառուսական տրամադրություններ ունեցող ուժերի կողմից ֆիլմի շուրջ տարածվող լուրերը։

«Այդ լուրերում հաճախ նշվում է, թե ֆիլմն աջակցություն է ստացել ինչ-որ հատուկ պետական հիմնադրամից։ Գործընկերներ, որևէ հատուկ պետական հիմնադրամ գոյություն չունի․ կա Ռուսաստանի մշակույթի նախարարություն, որն աջակցում է բազմաթիվ ֆիլմերի։ Ես շատ շնորհակալ եմ նրանց հատկապես մեր նախագծին՝ «Ոսկե դուբլ»-ին աջակցելու համար, որը պատմում է «Արարատ-73»-ի պատմությունը։ Սա ֆիլմ է մեծ ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի և մեծ թիմի՝ «Արարատ»-ի մասին, որը 1973 թվականին աննկարագրելի հույզեր պարգևեց ողջ հայ ժողովրդին և ֆուտբոլի սիրահարներին», — ասել է Վալերի Սահարյանը։

Ֆիլմում նկարահանվել են Եգոր Բերոևը, Անահիտ Կիրակոսյանը, Սերգեյ Ղազարովը, Սոֆյա Դոնիանցը, Քսենյա Ալֆյորովան, Դավիթ Հակոբյանը, Կոնստանտին Յուշկևիչը, Բաբկեն Չոբանյանը, Արման Նավասարդյանը և այլք։

Նիկիտա Սիմոնյանի դուստրը՝ Վիկտորիան նշել է, որ ֆիլմը հոր համար դարձել է նվիրում և ներդրում հայ ժողովրդի համար։

Ֆիլմը պաշտոնական վարձույթում կլինի 2026 թվականի հունվարի 29-ից։