ՀԱՊԿ-ի նկատմամբ ես էլ ունեմ որոշակի հիասթափություն․ Ռոբերտ Քոչարյան

29 Հունվարի 2026, 13:11

Քաղաքականություն

ՀԱՊԿ-ի հետ հարաբերվելու խնդիր չկա ընդհանրապես։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀԱՊԿ անդամակցությունը խոչընդոտել է այլ աղբյուրներից զենք գնելուն։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի նկատմամբ ինքն էլ ունի որոշակի հիասթափություն։

«ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրները՝ բացի Ռուսաստանից, Ադրբեջանի հետ ունեն շատ ավելի լավ հարաբերություններ, քան Հայաստանի։ Սա արդեն խնդիր է մեզ համար։ Ինչ ենք արել մենք, որ մեր հարաբերությունները չփչացնենք ՀԱՊԿ-ի հետ։ Հակառակը՝ արել ենք ամեն ինչ, որ այս պատկերը ստեղծվի։

ՀԱՊԿ-ն առանց Ռուսաստան ի՞նչ է իրենից ներկայացնում: Ոչինչ։ Պետք է ՀԱՊԿ-ին դիտարկել, որպես ռուսաստանակենտրոն մի կառույց, և հասկանալ, որ գործ ունենք հենց ՌԴ-ի հետ: Եւ դրոշ սարքել և այդ հողի վրա Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնել ու հետո ասել, որ զենք չեն տալիս՝ ասեմ, որ դու ամեն ինչ արել ես, որ քեզ վատ վերաբերվեն»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։