Ես դա հասկանում եմ որպես ուղիղ քաղաքական աջակցություն Փաշինյանին. Քոչարյանը՝ Ֆիդանի հայտարարության մասին

29 Հունվարի 2026, 13:12

Քաղաքականություն

Միայն Հաքան Ֆիդանը չէ, Կայա Կալասի հայտարարությունն էլ նայեք․ շատ ուղղակի աջակցություն են հայտնում Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին ասուլիսի ժամանակ, պատասխանելով Alpha News-ի հարցին, հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական կուրսին և Արևմուտք, Թուրքիայի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ցուցաբերվող աջակցությանը։

«Չեմ կարծում, որ դա իրենց նախաձեռնությունն է։ Այդ նախաձեռնությունը գալիս է Հայաստանից։ Այստեղից պատվիրակությունները գնում են, ասում են՝ մենք արևմտյան գիծն ենք բռնել, Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է սկսելու մեր դեմ։ Նույնն է, ինչ անում էր Սաակաշվիլին․ սրում էր հարաբերությունները, հետո վազում ԱՄՆ՝ աջակցություն խնդրելու համար։ Նույն մոդելն է։ Դու փորձում ես սրված հարաբերություններում մեկի գիրկն ընկնե՞լ, թե ընտրել այն քայլերը, որոնք բերում են այնտեղ, որտեղ համընկնում են շահերը։ Մենք այդպես էինք անում, և դրա անունը դրել ենք կոմպլեմենտար քաղաքականություն։ Հիմա Հայաստանն անում է ճիշտ հակառակը, սրում է հարաբերությունները և փորձում է դրա դիմաց ինչ-որ բան պոկել Արևմուտքից»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահի խոսքով՝ դա որոշակի ազդեցությունն է ունենալու ներքաղաքական կյանքի վրա։

Քոչարյանը քննադատել է ներկայիս իշխանությունների մոտեցումն՝ այն որակելով որպես վտանգավոր փոքր երկրի համար։

«Հայաստանը մտնում է մի կոնտեքստի մեջ, որտեղ անպայման պետք է լինի հակասություն, որտեղ մեկի հետ հարաբերությունները պետք է կառուցել մյուսի հետ հարաբերությունների փչացման հաշվին։ Սա նորմալ չէ փոքր երկրի համար»,- նշել է նա:

Անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հայտարարություններին՝ Քոչարյանը դրանք որակել է որպես ուղիղ աջակցություն Նիկոլ Փաշինյանին և նրա վարած քաղաքականությանը. «Ես դա հասկանում եմ որպես աջակցություն այս քաղաքականությանը: Սա ուրիշ ձև չես էլ կարող հասկանալ։ Հիմա ինքը կարող է դիվանագիտական լեզվով այնպես ասել, որ հնարավորություն ունենա պնդելու, թե մենք ոչ թե իրեն, այլ քաղաքականությունն ենք աջակցում, բայց այս քաղաքականությունը կապված է միայն Նիկոլ Փաշինյանի անվան հետ։ Ի՞նչ տարբերություն»։