Եթե հայտնվի մեկը, որն ավելի շատ ձայն կբերի, մեծ հաճույքով այդ բեռը կփոխանցեմ նրան. Ռոբերտ Քոչարյան
29 Հունվարի 2026, 13:19
ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասուլիսի ժամանակ անդրադարձել է առաջիկա ընտրություններում ընդդիմության մասնակցության ձևաչափին և հնարավոր վերադասավորումներին։
Նախագահը նշել է, որ այս փուլում կան շատ բարենպաստ պայմաններ այս ընտրություններին ընդդիմադիր խոշոր բլոկեր ձևավորելու համար։
Քոչարյանի խոսքով՝ նախորդ ընտրություններին մասնակցել է 25 քաղաքական ուժ և դաշինք, հիմա հնարավոր է մասնակցի 8-10 ուժ, իսկ ընդդիմադիր դաշտը կարող է գնալ ընտրությունների 3, առավելագույնը 4 խոշոր բլոկներով։ Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին, ապա, ըստ նրա, վերջնական որոշումը կկայացվի փետրվարին, սակայն այս պահին հակված են պահպանել նույն ֆորմատը։
«Մենք ընտրելու ենք պրագմատիկ ճանապարհ։ Փետրվարի սկզբին իրականացնելու ենք սոցիոլոգիական հետազոտություն, որի արդյունքներով էլ կորոշենք առաջնորդի հարցը։ Եթե սոցոլագիան ցույց տա, որ ամենից շատ ձայներ բերողը ես եմ, ուրեմն ես եմ մնալու։ Բայց եթե մեր դաշինքում հայտնվի որևէ մեկը, ով կկարողանա ավելի շատ ձայներ ապահովել, ապա ես շատ ուրախ կլինեմ այդ մեծ բեռից ազատվելու համար»,- նշել է երկրորդ նախագահը: