ԱՄՆ-ում հայկական լոբբիի հաջողությունը․ ANCA-ի աջակցությունը ստացած թեկնածուները հաղթանակ են տարել ընտրություններում
04 Նոյեմբերի 2026, 21:45
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) աջակցությունը ստացած թեկնածուները հաջող են հանդես եկել ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կայացած միջանկյալ ընտրություններում: Հաղթողների թվում են ինչպես նոր սենատորները, այնպես էլ գործող կոնգրեսականները, ինչպես նաև Նահանգներում առանցքային ղեկավար պաշտոնների հավակնորդները:
Քվեարկության արդյունքներով՝ ԱՄՆ Սենատում ընտրվել են Քրիս Փափասը (Նյու Հեմփշիր) և Աբդուլ Էլ-Սայեդը (Միչիգան)։ Իրենց լիազորությունները հաջողությամբ պահպանել են նաև գործող սենատորներ Էդ Մարքին, Քորի Բուքերը, Ջեք Ռիդը և Քրիս Քունսը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում իրենց տեղերն են պահպանել նաև Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Բրեդ Շերմանը, Ֆրենկ Փալոնեն և Գաս Բիլիրակիսը։ Նոր ժամկետով վերընտրվել է նաև կոնգրեսական Ջուդի Չուն։
ANCA-ի աջակցությունը ստացած թեկնածուները նշանակալի հաջողությունների են հասել նաև Կալիֆոռնիայում։ Խավիեր Բեսերան հաղթել է նահանգապետի ընտրություններում, Ֆիոնա Ման զբաղեցրել է փոխնահանգապետի պաշտոնը, իսկ Ռոբ Բոնտան վերընտրվել է նահանգի գլխավոր դատախազի պաշտոնում։
Վստահ առաջատարի դիրքում է նաև հայկական ծագում ունեցող թեկնածու Ջոն Հարաբեդյանը։ Ձայների հաշվարկի նախնական տվյալներով՝ Կալիֆոռնիայի նահանգային օրենսդիր մարմնի ընտրություններում նա ստացել է ձայների 65,2 տոկոսը։
Նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ ANCA-ն իր աջակցությունն էր հայտնել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի 64 թեկնածուի։ Նրանց գնահատման հիմնական չափանիշներն էին Հայաստանի անվտանգության ապահովման, Արցախի հայության իրավունքների պաշտպանության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Ադրբեջանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության վերանայման վերաբերյալ դիրքորոշումները։