Ժողովրդին ուզում են ասել՝ «նստե՛ք տեղներդ», որ շարունակեն իրենց մութ գործերը․ Նարեկ Կարապետյան

04 Նոյեմբերի 2026, 20:40

Քաղաքականություն

Իշխանությունն այս պահին փորձում է դատարանի միջոցով կալանավորել Սամվել Կարապետյանին՝ ազդեցություն ունենալու մեր և ժողովրդի ընդդիմադիր հատվածի վրա։ Այս մասին Տնտեսական գործերով քննչական վարչության դիմաց հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով, գործարար, բարերար, կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ձերբակալությանը։

Նրա խոսքով՝ սա միայն մեկ մարդու դեմ ուղղված գործողություն չէ։ «Իշխանությունը փորձում է ամենամեծ ընդդիմադիր ուժի առաջնորդի միջոցով Հայաստանի ընդդիմադիր 50+1 տոկոսին ցույց տալ, թե իբր կառավարում է երկրում իրավիճակը և կարող է լռեցնել մեզ, որպեսզի ձայն չբարձրացնենք իր իրականացրած մութ գործերի դեմ»,- նշել է Կարապետյանը։

Պատգամավորի խոսքով՝ իրենք ներկայացնում են հանրության մեծամասնությանը, այդ թվում՝ այն հայրենակիցներին, որոնք վարչական կամ այլ ճնշումների տակ ստիպված են եղել գնալ ընտրատեղամասեր և իրենց կամքին հակառակ քվեարկել։

«Այս քայլով իշխանությունները ցանկանում են մեր ժողովրդի մեծամասնությանն ասել՝ «նստե՛ք տեղներդ», որպեսզի իրենք շարունակեն իրենց մութ գործերը։ Բայց ժողովուրդը չի լռելու»,- ընդգծել է նա։

Նարեկ Կարապետյանը նաև նշել է, որ ամենայն հավանակությամբ Սամվել Կարապետյանին կկալանավորեն։ «Համոզված եմ, որ իրենց ծրագիրն՝ ինչպես եկեղեցու, այնպես էլ այս դեպքում, չի՛ աշխատելու»,- հավելել է նա։

Խմբակցության ղեկավարը դիմել է նաև Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին՝ կոչ անելով պինդ լինել. «Դուք պետք է վստահ լինեք. եթե մտել եք այս պայքարի մեջ, ապա ի սկզբանե գիտեիք, թե ուր եք մտնում»։

Նարեկ Կարապետյանը նաև հայտնել է առաջիկա գործողությունների մասին։

«Այսօր հատուկ միջոցառում է նախատեսված, որի մասին երկու ժամից կտեղեկացնենք։ Սա հավաք չէ, այլ փոքր-ինչ այլ ձևաչափի գործողություն, որի մասին կներկայացնենք մեդիայի միջոցով։ Սա կարևոր քայլ է լինելու ապագայում մեր երկրի իրական անկախությունը պահպանելու համար, որպեսզի «ինքնիշխանություն» կարգախոսի ներքո, ուրիշի պատվերով, չկարողանան փոխել Սահմանադրությունը»,- նշել է Նարեկ Կարապետյանը։

Հիմա եթերում