Երկրում ամենամեծ խնդիրն այսօր դատական իշխանությունն է․ Ռոբերտ Քոչարյան
29 Հունվարի 2026, 14:03
Սահմանադրությունն իսկապես պրոբլեմ է դարձել երկրի համար։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ամենամեծ խնդիրն, ըստ նրա, այն է, որ գործող սահմանադրությունն անսահման հնարավորություն է տալիս գործադիր իշխանությանը՝ ձևավորել իշխանության բոլոր ճյուղերը։
«Ամենամեծ պորբլեմը դատական իշխանությունն է։ Այն պետք է լինի հակակշռողը, այն իշխանությունը, որը թույլ չի տա այդ «беспредел»-ը, որը մենք տեսնում ենք ամեն քայլափոխի»,- նշել է երկրորդ նախագահը։
Քոչարյանի խոսքով՝ խնդրին լուծում տալու համար առաջին հերթին երկրին պետք են սահմանադրական բարեփոխումներ։
«Կարելի է անցնել կիսանախագահականի։ Բայց դա կտրուկ քայլ է և քաղաքական դաշտում շատերը կարող են չընդունել, քանի որ այն ենթադրում է որոշակի անձնավորվածություն, իսկ սա ոչ բոլորն են ընդունում։ Կարող է լինել խորհրդարանական երկիր, բայց նախագահն ընտրվի ժողովրդի կողմից։ Սա այն մոդելն է, որով արևելյան եվրոպայի երկրների մեծամասնությունն այդպես է աշխատում»,- եզրափակել է երկրորդ նախագահը։