Կալիֆոռնիայի հայերը Կաթողիկոսին աջակցության ստորագրահավաք են սկսել
30 Հունվարի 2026, 23:00
ԱՄՆ հայ համայնքում հավատացյալները լայնամասշտաբ ստորագրահավաք են սկսել՝ ընդդեմ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի և նրա շուրջ ձևավորված իշխանամետ թևի։ Ըստ նախաձեռնողների՝ Տերտերյանի աջակցությունը Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական քաղաքականությանը պառակտել է համայնքը. շատերը բոյկոտում են պատարագները, լքում եկեղեցին կամ փնտրում կանոնական կարգին հավատարիմ քահանաների։
Ստորագրահավաքի նպատակն է սատարել Մայր Աթոռին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ դատապարտելով եկեղեցու ներսում հիերարխիկ կարգի խախտումները։
Համայնքի ակտիվ ներկայացուցիչներ Յունանա Հակոբջանյանի և Տիգրան Նիկողոսյանի փոխանցմամբ՝ Հովնան Տերտերյանի այսպես կոչված տիրադավների ցուցակում ընդգրկվելը դարձել է լուրջ խմորումների պատճառ:
«Ժողովուրդը տեսնում է հիերարխիայի և եկեղեցական կարգի խախտում։ Եթե հոգևորականները դրժում են իրենց հնազանդության ուխտը Վեհափառի հանդեպ, ի՞նչ պետք է անի սովորական հավատացյալը»,- նշում են նախաձեռնության անդամները։
Ըստ նրանց՝ կարճ ժամանակում հարյուրավոր ստորագրություններ են հավաքվել։
Յունոնա Հակոբջանյանը, ներկայացնելով տիրող իրավիճակը, նշում է. «Շատ ցավոտ էր տեսնել, որ մարդիկ դուրս էին գալիս եկեղեցուց և ասում՝ կներեք, բայց մենք ուրիշ եկեղեցի ենք գնալու։ Երկրի ներսում կարողացան մարդկանց բաժանել սևերի և սպիտակների, իսկ այժմ նույնը փորձում են անել եկեղեցում»: