Դ-30-ը հնացած, քարշակվող հրետանի է, դրա մասին չի կարելի խոսել 21-րդ դարում, դա ծաղր է. Քերոբյան

03 Փետրվարի 2026, 20:45

Կարծիք | Քաղաքականություն

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը պնդում է՝ բանակի օրվա առթիվ Փաշինյանի ուղերձում թվարկած ծրագրերը, որը վարչապետը ներկայացրել էր որպես բարեփոխում, Հայաստանի պաշտպանունակության և բանակի մարտունակության վրա քիչ ազդեցություն է ունենալու: Նրա գնահատմամբ՝ բանակի բարեփոխումների մասին խոսելը ստախոսություն և պոպուլիզմ է:

«Եթե ժամանակակից սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման դեպքում դրական ազդեցություն կա, ապա, օրինակ, պարտադիր ժամկետային զինծառայության կրճատումն՝ առանց դրա հետ կապված լուրջ բարեփոխման, առանց մարտական պատրաստության ծրագրի վերանայման, առանց մարտական ոգու բարձրացման, առանց մարտակոչի, որևէ լուրջ ազդեցություն չի ունենալու: Զինվորի մարտական ոգին ու մարտական պատրաստվածությունը հաղթանակի ամենակարևոր գործոններն են, երբ չկա այդ մարտական ոգին, ապա այդ բանակը պարտվելու է: Մենք այսօր տարատեսակ հայտարարություններով ու գործողություններով տեսնում ենք, որ փորձում են այդ մարտական ոգին կոտրել: Պարտադիր ժամկետային զինծառայության կրճատման մասին օրինագիծը ներկայացնելուց ընդամենը մեկ շաբաթ առաջ իշխանությունը խոստովանել էր, որ բանակի համալրման խնդիր ունի, այդ պատճառով է, որ վարժական հավաքների կանչվող մարդիկ գնում են ու դիրքային ծառայություն են իրականացնում: Սա արդեն իսկ վկայում է իրենց սուտ խոսելու մասին, սա նախընտրական կաշառք է՝ ադրբեջանական բենզինի և Ադրբեջանի տարածքով ցորենի ներկրման համատեքստում»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը:

Բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի օրը, երբ Փաշինյանը ՊՆ-ում մասնակցել էր հանդիսավոր նիստին, պարծեցել էր, թե հայկական բանակն առառջին անգամ ձեռք է բերել գործարանային արտադրության Դ-30 հաուբից: Ըստ Ավետիք Քերոբյանի՝ այդ հրետանին հնացած է ու բանակի օրը նման հայտարարություն անելը ցինիկություն է:

«Ափսոսանքով կարելի խոսել, որ մեր երկրի բարձրագույն ղեկավար պաշտոնին հայտնվել է տգետ անձնավորություն, որը նույնիսկ չի փորձում թաքցնել իր տգիտությունը: Եվ դա անում է ամենացինիկ ու ծաղրական եղանակով, մասնագետներին լսեցնում է իր դատարկաբանությունը: Դ-30-ը հնացած, քարշակվող հրետանի է, դրա մասին չի կարելի խոսել 21-րդ դարում, նույնիսկ հրետանու մասնագիտական խոսակցության մեջ Դ-30 ասելն արդեն իսկ տգիտության նշան է, դա վաղուց հնացած կոնցեպտ է: Այլ բան, եթե խոսեր ականանետերի մասին, որոնք ավելի էֆեկտիվ են մեր պայմաններում, որոնք ավելի թեթև են, որոնք նաև այսօրվա Հայաստանում են արտադվում, բայց խոսել անցած դարի կեսերի Դ-30-ի մասին, դա ծաղր է ու ավելի ցինիկ է հնչում, երբ դրա մասին խոսում են հենց բանակի օրը»,- նշեց Ավետիք Քերոբյանը:

Քերոբյանն անդրադարձավ նաև TRIPP նախագծի մասին, խոսեց 2026-ին Հայաստանի ռազմական բյուջեի կրճատման ու այդ ֆոնին Բաքվի պաշտպանական ծախսերի ավելացման մասին: Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահն անդրադարձել է նաև ռազմարդյունաբերությանը և նախարար Պապիկյանի այն որոշմանը, որով Պաշտպանության նախարարությունում հոգևորականների ծառայությունը դադարեցվել է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում