Մեր տնտեսական քայլերի արդյունքում Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 40%-ով, իսկ պետբյուջեն՝ 50%-ով․ Ֆարսյան
04 Փետրվարի 2026, 20:00
«Մեր ձևով» շարժման տնտեսական ծրագրի համակարգող Աշոտ Ֆարսյանը Alpha News-ի հարցազրույցում ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված հիմնական քայլերը։ «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագիրը ներառում է 300 000 նոր աշխատատեղերի ստեղծում, հարկային արտոնությունների տրամադրում և ներդրումային նոր միջավայրի ձևավորում։
Հարցին՝ տարածաշրջանում ամենափոքր բյուջե ունեցող երկիրը կարո՞ղ է իրեն թույլ տալ նման հավակնոտ ծրագրեր, Ֆարսյանը նշել է, որ հաջողության գրավականը ոչ թե ուղղակի պետական ծախսերն են, այլ պայմանների ստեղծումը։
«Իրականում հարցը բյուջեն չէ, այլ գրագետ և ճիշտ ուղղորդված աշխատանքը։ Ներդրումները չեն իրականացվելու պետական բյուջեի միջոցներով։ Պետության դերակատարությունը լինելու է հիմնականում աշխատանքի կազմակերպման և երաշխավորման ոլորտում։ Պետությունը պետք է զարգացնի ենթակառուցվածքները, պարզեցնի վարչարարությունը և ապահովի հարկային խրախուսումներ»,- ընդգծել է նա։
Ծրագրի առանցքային կետերից մեկը 300 000 աշխատատեղերի ստեղծումն է, որից 80 000-ը բաժին է ընկնելու մշակող արդյունաբերությանը (տեքստիլ, սննդի արդյունաբերություն), իսկ 20 000-ը՝ ՏՏ ոլորտին։ Ըստ Ֆարսյանի՝ ծրագրի հիմնական նպատակն է ներմուծման փոխարինումը տեղական արտադրանքով և արտահանման խթանումը։
«Մենք պետք է փոխենք տնտեսության կառուցվածքը։ Հայաստանը պետք է դառնա նախընտրելի վայր այն ներդրողների համար, որոնք ցանկանում են արտահանում իրականացնել դեպի ԵԱՏՄ տարածք, արաբական երկրներ կամ Հյուսիսային Աֆրիկա»,- նշել է նա:
Աշոտ Ֆարսյանի փոխանցմամբ՝ ծրագրի որոշ դրույթներ, ինչպիսիք են ՓՄՁ-ների համար 0% հարկային դրույքաչափը և դեղորայքի էժանացումը, նախատեսված են իրագործել հենց առաջին տարում։ Գյուղմթերքի երաշխավորված մթերման համար էլ սկզբնական շրջանում կիրականացվեն պիլոտային ծրագրեր։
Նա նաև նշել է, որ հինգ տարվա կտրվածքով ակնկալվում է տնտեսության էական հզորացում.
«Եթե մեր ծրագրերն իրագործվեն, ապա հինգ տարի հետո Հայաստանի ՀՆԱ-ն կաճի մոտ 40 տոկոսով։ Արդյունքում պետական բյուջեն կավելանա առնվազն 50 տոկոսով։ Թվերը գուցե համեստ են թվում, սակայն դրանք իրատեսական նպատակներ են»: