4 դաշինք՝ Փաշինյանի դեմ
13 Փետրվարի 2026, 12:00
(Հայաստանի նախընտրական քարոզարշավի անակնկալները)
«Այսօր մենք ականատես ենք ոչ թե պարզապես «ընդդիմության ակտիվության», այլ չորս քաղաքական բևեռների հստակ բյուրեղացման, որոնց անհրաժեշտության մասին դեռ վաղուց խոսում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա այն թեզը, որ Նիկոլ Փաշինյանի վարչակարգին, որը վայելում է Թուրքիայի տոտալ աջակցությունը, պետք է դիմակայի ոչ թե ամորֆ զանգվածը, այլ կոնկրետ բովանդակային դաշինքներ, դարձել է իրականություն։
Ընդդիմադիր դաշտի այս նոր ճարտարապետությունը ստեղծվում է իշխանության կողմից կառուցված «զիջումների ուղղահայացի» համակարգային ապամոնտաժման համար։ Վերջին շաբաթների գլխավոր արդյունքն այն է, որ Հայաստանում ձևավորվել է մի իրականություն, որտեղ իշխանության համար գրեթե անհնար կլինի ստել ընտրազանգվածին՝ խոսելով «այլընտրանքի բացակայության մասին»։
Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»» կուսակցության պաշտոնական ձևավորումը դարձավ անդառնալիության կետ ներկայիս քաղաքական կոնֆիգուրացիայի համար։ Կուսակցության համագումարն անցավ ռազմավարական առումով ճիշտ ժամանակահատվածում՝ ամբողջությամբ փակելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի մեդիա օրակարգը։ Մինչ պաշտոնական Երևանը փորձում էր արարողակարգային հանդիպումները ներկայացնել որպես «բեկում», ներքին դաշտը ողողվեց Սամվել Կարապետյանի դեմքով ծանրքաշային խաղացողի հայտնվելու լուրով։
Կարապետյանը, ով դիտարկվում է որպես այս բևեռի վարչապետի հիմնական թեկնածու, քաղաքականություն է բերում պրագմատիզմի և ռեսուրսայնության գործոնը։ Սա ուղղակի մարտահրավեր է Փաշինյանի տնտեսական անկարողությանը։ Այստեղ մենք տեսնում ենք տեխնոկրատական կառավարման և տնտեսական ինքնաբավության հայտ, ինչը օրհասական է այն պայմաններում, երբ վարչակարգը երկիրը դնում է թուրքական լոգիստիկ նախագծերից ուղղակի կախվածության մեջ։
Արման Թաթոյանի շուրջ դաշինքի ձևավորումը և նրա միավորումը «Շանթ» դաշինքի հետ՝ խաբված ընտրազանգվածի վերադարձի քայլ է։ Երկար ժամանակ արևմտյան արժեքներին կողմնորոշված քաղաքացիների զգալի մասը գտնվում էր «Փաշինյանի կլիենտուրայի»՝ այնպիսի գործիչների գերության մեջ, ինչպիսիք են Արամ Սարգսյանը կամ Արման Բաբաջանյանը։ Այս քաղաքական գործիչները հաջողությամբ «նմանակում էին» արևմտամետ վեկտորը, սակայն իրականում սպասարկում էին գործող վարչակարգի շահերը և արդարացնում նրա ցանկացած ձախողում։ Այսօր այդ մարդկանց համար հայտնվել է իրենց պոտենցիալ դաշինքը։ Թաթոյանը կփորձի իր շուրջը համախմբել նրանց, ովքեր հիասթափվել են «հեղափոխական» կարգախոսներից, բայց պատրաստ չեն իրենց ասոցացնել ավանդական ընդդիմության հետ։ Այս բևեռը կարևոր է հենց Փաշինյանի արբանյակներից ընտրական ձայներ «խլելու» իր ունակությամբ։
Երրորդ բլոկը ձևավորվում է Գագիկ Ծառուկյանի և նրա կուսակցության շուրջ։ Ծառուկյանը «բեմ է» բերում սոցիալական շեշտադրումներ՝ դիմելով շարքային քաղաքացուն, ում բարեկեցությունը կտրուկ նվազում է Փաշինյանի «տնտեսական հրաշքի» ֆոնին։ Միևնույն ժամանակ, գաղափարական կորիզ կարող են դառնալ այն ուժերը, որոնք վերջին տարիներին Հայաստանի մի շարք մարզերում ընտրություններին մասնակցությամբ ցույց տվեցին իրենց անզիջում կեցվածքը Փաշինյանի այն քաղաքականության հանդեպ, որն ուղղված է ազգային շահերի մոռացությանը և ինքնության խաթարմանը։
Չորրորդ բևեռը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ձևավորվող քաղաքական ուժն է, որն այս բոլոր տարիների ընթացքում պահում էր քաղաքական ռազմաճակատը և թույլ չէր տալիս վարչակարգին վերջնականապես ամայացնել քաղաքական դաշտը։ Երկրորդ նախագահը ճիշտ դուրս եկավ իր տեսլականում. Հայաստանին պետք է բազմաբևեռ ընդդիմություն, որտեղ յուրաքանչյուր դաշինք աշխատում է հասարակության իր սեգմենտի հետ՝ ոչ թե խանգարելով, այլ լրացնելով միմյանց։
Այսօրվա իրավիճակը ոչ թե իշխանության «շրջափակումն» է դասական իմաստով, այլ Փաշինյանի շուրջ քաղաքական վակուումի ստեղծումը։ Իշխանություններն այլևս չեն կարող բոլոր ընդիմադիրներին անվանել «ռևանշիստներ», որովհետև նրանց դեմ կանգնած են թե՛ խոշոր գործարարներ, թե՛ իրավապաշտպաններ, թե՛ ազգային շարժումներ և թե՛ խոշոր պետական գործիչներ։
Փաշինյանի վարչակարգը, որը հենվում է Թուրքիայի արտաքին աջակցության վրա, բախվել է նրան, ինչին ամենաքիչն էր պատրաստ՝ պրոֆեսիոնալ ներքին ընդդիմություն։ Եթե նախկինում իշխանությունը կարող էր օգտվել ընդդիմադիրների պառակտվածությունից, ապա հիմա նրա դեմ խաղում են չորս հստակ արտահայտված ուժային կենտրոններ։
Ռոբերտ Քոչարյանի շուրջ դաշինքի ձևավորումը, Կարապետյանի կուսակցության ստեղծումը, Թաթոյանի բլոկը և Ծառուկյանի ակտիվացումը նշաններ են, որ Հայաստանի ճակատագիրը դադարում է լինել սակարկության առարկա օտարերկրյա դիվանագետների կաբինետներում։ Այն վերադառնում է ներքաղաքական դաշտ։ Եվ այս նոր իրականության մեջ ժողովրդին ստելը՝ թաքնվելով արևմտյան պաշտոնյաների այցերի կամ Անկարայի կողմից եկող սպառնալիքների հետևում, Փաշինյանի համար օրեցօր ավելի է դժվարանալու։
Մտածե՛ք այդ մասին…»։