Թրամփը չի կարող կորցնել դեմքը․ Կարինե Գևորգյանը՝ Իրանին հարվածելու հավանականության մասին

12 Փետրվարի 2026, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Կարինե Գևորգյանը Alpha News-ի հետ զրույցում գնահատել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հնարավոր ռազմական հարվածի հավանականությունը։

Նրա խոսքով՝ հնարավոր են մի քանի սցենարներ․ ԱՄՆ-ի «ջախջախիչ» հարված, որին կհաջորդի Թեհրանի համեմատաբար թույլ պատասխանը, կամ նույնքան կոշտ հարված և Իրանի ուժեղ հակազդեցությունը։

«Տարածաշրջան է կենտրոնացվել հսկայական «արմադա»։ Ինչպես գրել է Չեխովը, այդ հրացանը չի կարող չկրակել։ Եթե այն չկրակի, համաշխարհային գերիշխողի համար դա կլինի լուրջ հեղինակազրկում, ինչն ամենևին ձեռնտու չէ Թրամփին»,- նշել է փորձագետը։

Միաժամանակ Գևորգյանն ընդգծել է, որ վերջին շրջանում Իրանը զգալիորեն ամրապնդել է իր պաշտպանունակությունը։ Նրա խոսքով՝ տասներկուօրյա ամառային պատերազմից հետո Թեհրանը ստացել է լուրջ ռազմատեխնիկական աջակցություն Չինաստանի և Ռուսաստանի կողմից։

«Որոշ փորձագետներ պնդում են, որ Իրանի տարածքի և ռազմավարական օբյեկտների մինչև 70 տոկոսը պաշտպանված է հրթիռային և ավիացիոն հարվածներից»,- հավելել է նա։

Քաղաքագետը չի բացառել, որ հնարավոր էսկալացիայի ամսաթիվը կարող է լինել փետրվարի 18-ը, երբ Վաշինգտոնում կկայանա այսպես կոչված «Խաղաղության խորհրդի» առաջին նիստը, որին կմասնակցեն համաշխարհային առաջնորդներ։