Ժամանակակից Հայաստանի պատմության ևս մեկ խայտառակ էջ․ Արամայիս Քամալով
15 Փետրվարի 2026, 14:36
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Արամայիս Քամալովը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
«Հայաստանի ղեկավարության կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կատարված աղաղակող քայլը չի կարող անտեսված և անպատասխան մնալ աշխարհի տարբեր ծայրերում ապրող միլիոնավոր հայերի կողմից։ Վրդովմունք է առաջացնում այն թեթևամտությունն ու անպատասխանատվությունը, որոնցով, խախտելով սահմանադրական օրենքները, ոտնահարվում են մեր Եկեղեցու իրավունքները, իսկ բարձրագույն հոգևորականները ենթարկվում են հետապնդումների և ձերբակալությունների։ Այժմ արդեն թիրախավորվել է նաև Գարեգին Բ-ն՝ Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն Պատրիարքը և Ամենայն հայոց կաթողիկոսը։
Ցավոք, այս կամայականությունը կատարվում է նաև մեր լռակյաց համաձայնության պայմաններում։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, այն սահմանագիծն է, որից այն կողմ անդունդն է, ուր մղում են մեր ժողովրդին։ Չպետք է մոռանալ, որ դարեր շարունակ, հայկական պետականության բացակայության պայմաններում, հենց Եկեղեցու շնորհիվ է հաջողվել պահպանել մեր մշակույթը, լեզուն, ինքնատիպությունն ու ազգային ինքնությունը։ Մեր հավատը և հոգևոր միասնությունը քայքայելու փորձեր թշնամիները մշտապես ձեռնարկել են, սակայն դրանք երբեք հաջողությամբ չեն պսակվել։ Չեն պսակվի նաև այժմ։
Մենք պահանջում ենք դադարեցնել մեր Եկեղեցու և նրա հոգևոր սպասավորների նկատմամբ հետապնդումները և բոլոր հարցերը լուծել բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության շրջանակներում»,- ասված է ակադեմիկոսի ուղերձում։