Ռուսաստանը դեռ հետևում է դրան. Պավել Դուբրավսկին՝ Վենսի Հայաստան և Ադրբեջան այցի մասին

16 Փետրվարի 2026, 23:30

Քաղաքականություն

Քաղտեխնոլոգ Պավել Դուբրավսկին Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հարավային Կովկաս կատարած այցի դրդապատճառների մասին։

«Կարծում եմ՝ այստեղ մի քանի պատճառ կա։ Առաջինն, իհարկե, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման պարզեցումն է։ Այժմ Վենսը գնացել է որպես Թրամփի վարչակազմի ներկայացուցիչ՝ տեսնելու, թե ինչպես է ընթանում ամեն ինչ, և, ըստ էության, աջակցելու այդ գործընթացին թե՛ քաղաքականապես, թե՛ խորհրդանշականորեն։

Երկրորդ՝ անշուշտ, ԱՄՆ վարչակազմի կողմից տեսնում են Ադրբեջանում և Հայաստանում Ռուսաստանի ազդեցության թուլացման միտում։ Ուստի ամերիկացիները, բնականաբար, փորձում են ուժեղացնել իրենց ազդեցությունը։ Դրանով, ի դեպ, նաև Ռուսաստանին փորձում են ցույց տալ, թե տեսեք, քանի դեռ դուք զբաղված եք Ուկրաինայով, մենք արդեն այստեղ ենք՝ Կովկասում։

Երրորդը տնտեսական շահն է: Քանի դեռ Ռուսաստանը քիչ ուշադրություն է դարձնում տվյալ տարածաշրջանին, ամերիկացիները դրան ավելի մեծ ուշադրություն են հատկացնում։

Կա, իհարկե, չորրորդ՝ «բոնուսային» սցենար և բացատրություն, թե ինչու է դա տեղի ունենում։ Դա այն է, որ Ջեյ Դի Վենսն այժմ ջանում է ավելի շատ շեշտադրում կատարել դրական օրակարգի և դրական դինամիկայի վրա։ Մենք տեսնում ենք, որ Թրամփի վարկանիշը հակառեկորդային է։ Մենք տեսնում ենք, որ այժմ ԱՄՆ միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցությունը ռիսկի է ենթարկվում պարտվելու առնվազն Ներկայացուցիչների պալատում, այսինքն ՝ ստորին պալատում, և գուցե նույնիսկ կորցնել մի քանի տեղ Սենատում, ինչը վերջերս հանրապետականների շրջանում բավականին հազվադեպ է: Ուստի նա կենտրոնացած է ավելի դրական միջազգային օրակարգի վրա»,- ասել է փորձագետը։

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ ռուսական լիազոր մարմինները հետևում են տարածաշրջանում տիրող իրավիճակին և այն վերահսկողության տակ են պահում։

«Ռուսաստանն առայժմ հետևում է այս ամենին, վերլուծում է, թե ինչպես գործել հետագայում, որովհետև հրապարակային հայտարարություններ, համենայնդեպս այս պահին, ես այս թեմայով չեմ տեսել։ Կարծում եմ՝ այստեղ ավելի շուտ անուղղակիորեն կարելի է վերցնել Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որը, ճիշտ է, վերաբերում է Վենեսուելային, որտեղ նա ասել է՝ տեսեք, մենք Վենեսուելային չաջակցեցինք, և այնտեղ այժմ ռուսական բիզնեսը, ռուսական ընկերությունները դուրս են մղվում. հետո նայում ենք Կուբային՝ այնտեղ նույնն է կատարվում։

Այժմ հարց է՝ ի վերջո «Աերոֆլոտը» կամ «Ռոսիա» ընկերությունը կթռչե՞ն, թե՞ ոչ։ Որովհետև Վենեսուելայի Մարգարիտա կղզում վերալիցքավորվելու հարցը վիճելի է. փաստ չէ, որ կհաջողվի՝ հաշվի առնելով, որ ընկերություններին դուրս են մղում։

Եվ երրորդ ուղղությունը, համապատասխանաբար, կարծում եմ, հենց Հայաստանն ու Ադրբեջանն են՝ Կովկասը։ Այդ պատճառով Ռուսաստանը դեռևս հրապարակային պատասխան չի տվել, բայց անուղղակիորեն ես դա տեսնում եմ Սերգեյ Լավրովի՝ ԱԳ նախարարի խոսքում, որն ասել է՝ դա Ռուսաստանին, իհարկե, դուր չի գալիս»,- եզրափակել է Դուբրավսկին։