Հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ ․ եվրապատգամավոր

17 Փետրվարի 2026, 20:45

Կարծիք | Քաղաքականություն

Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացմանը։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Ավստրիայից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Հելմուտ Բրանդշտետերը։

«Մեզ համար, անկասկած, չափազանց կարևոր է այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ինչպես նաև նրա եվրոպական հեռանկարը։ Իրականում հենց այդ մասին էլ մենք այստեղ խոսում ենք։ Ուստի խաղաղ Հայաստանը, անշուշտ, պետք է ունենա Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացման հնարավոր բոլոր հեռանկարները։ Կարող եմ միայն հուսալ, որ ամեն ինչ կստացվի։ Իմ տեղեկություններով՝ ամերիկյան կողմը լուրջ տրամադրված է և ակտիվ աշխատանք է տանում․ այդ մասին վերջերս հայտարարել է նրանց պետքարտուղարը։ Հետևաբար ակնկալում եմ, որ երկու կողմերն էլ գիտակցում են խաղաղության անհրաժեշտությունը»,- նշել է Բրանդշտետերը։

Պատասխանելով Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի իրավունքի վերաբերյալ հարցին՝ նա ընդգծել է․

«Կարծում եմ՝ սա չափազանց կարևոր հարց է։ Խաղաղությունը միշտ նշանակում է խաղաղություն բոլորի համար։ Հետևաբար, նման հնարավորություն, անշուշտ, պետք է գոյություն ունենա։ Ավստրիայում մենք հաճախ օրինակ ենք բերում Հարավային Տիրոլը։ Նախկինում այդ տարածքը պատկանել է Ավստրիային, այսօր՝ Իտալիային, սակայն այնտեղ ազգային փոքրամասնությունների իրավունքները երաշխավորված են։ Սա փոխադարձ հարգանքի հարց է։ Գլխավորն այն է, թե մարդիկ արդյոք ունակ են ապրել միասին՝ հարգելով միմյանց։ Աշխարհում կան նաև այլ օրինակներ, երբ ժողովուրդները կարողացել են համակեցություն հաստատել նույնիսկ ծանր հակամարտություններից հետո։ Ես կոչ եմ անում անդրադառնալ այդ օրինակներին, որովհետև յուրաքանչյուր մարդ պետք է ունենա ապագա»։