Իրանը ստիպված է զարգացնել երկխոսությունն Ադրբեջանի հետ․ Պյոտր Կոլչին

24 Փետրվարի 2026, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ և ռազմական փորձագետ Պյոտր Կոլչինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է այն տեղեկությանը, որ Ադրբեջանն ու Իրանն ավարտել են Արաքս գետի վրա Աղբենդ-Քելալե ավտոմոբիլային կամրջի շինարարությունը։ Քաղաքագետի կարծիքով՝ սա վկայում է Թեհրանի պրագմատիկ մոտեցման մասին տարածաշրջանային քաղաքականությանը և արտաքին ճնշումների պայմաններում նոր լոգիստիկ ու տնտեսական կապեր ձևավորելու ձգտման մասին։

«Ընդհանուր առմամբ, այս իրադարձությունը հիանալի կերպով արտացոլում է ներկայիս դինամիկան Հարավկովկասյան ուղղությամբ։ Իրանը, որը սեղմված է Միացյալ Նահանգների կողմից՝ Պարսից ծոցի միջոցով և Հայաստանում Վաշինգտոնի ներկայության ընդլայնմամբ, ստիպված է զարգացնել երկխոսությունն այլ հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։ Փաշինյանի քաղաքականությունը բառացիորեն Թեհրանին այլընտրանք չի թողնում։ Իրանը փորձում է ուժեղացնել իր դիրքերը, ամրապնդել լոգիստիկան և այդ նպատակով ստիպված է երկխոսություն վարել Ալիևի հետ»,- ասել է Կոլչինը։

Քաղաքագետի խոսքով՝ դա կարող է հանգեցնել տարածաշրջանում հարաբերությունների հավասարակշռության փոփոխության և Թեհրանի կողմից Երևանի հետ համագործակցության մոտեցումների վերանայման։

«Սա Հայաստանին սպառնում է Իրանի հետ հարաբերությունների հետագա սառեցմամբ․ Թեհրանը սկսում է Երևանին դիտարկել ոչ թե որպես ընկեր և գործընկեր, այլ որպես հնարավոր սպառնալիք, որպես Միացյալ Նահանգների թշնամական շահերի առաջմղման հավանական հենակետ»,- եզրափակել է Կոլչինը։

Մանրամասները՝ տեսանյութում։