Իշխող վարչախմբի ղեկավարն այսօր հայտարարեց, որ ապրիլի 1-ից վերջապես կենսաթոշակների բարձրացում է սպասվում. Հայաքվե
25 Փետրվարի 2026, 10:01
«ՀայաՔվե» միավորումն արձանագրում է, որ իր վեցամսյա հետևողական պայքարը կենսաթոշակների բարձրացման հարցում տվեց առաջին արդյունքը, թեև խիստ մասնակի: Մինչև 10 հազար դրամով կենսաթոշակների բարձրացումը բնավ այն նշաձողը չէ, որը մենք սահմանել ենք: Եվ ակնհայտ է, որ անհարկի պետական ծախսերի կրճատման հաշվին հնարավոր է շատ ավելի բարձրացնել կենսաթոշակների չափը, և էապես բարելավել մեր տարեց հայրենակիցների կյանքը:
Մյուս կողմից, ակնհայտ է, որ վարչախմբի այս ճարահատ քայլը սոցիալապես խոցելի ամենամեծ խավին կենսաթոշակառուներին տրվող նախընտրական «կաշառք» է ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ, և բացառապես մեկ նպատակ է հետապնդում օժանդակել վարչախմբի վերարտադրությանը:
«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է կենսաթոշակների առնվազն 50 տոկոսով բարձրացման իր հանձնառության հարցում, և վարչախմբի այս կիսաքայլը բնավ չի դիտարկում որպես համակարգային լուծում: Ինչպես նախկինում հետամուտ ենք լինելու մեր կես միլիոն կենսաթոշակառու հայրենակիցների կենսամակարդակի բարելավմանը, ինչպես նաև այս հակազգային և ստահոդ վարչախմբի իշխանությունից հեռացմանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրություններից երկու ամիս առաջ հայտնել էր ապրիլի 1-ից թոշակների բարձրացման մասին։ Ավելի վաղ Ազգային ժողովում Փաշինյանը հայտարարել էր թոշակների բարձրացման անհնարինության մասին։ Նա պնդում էր, որ թոշակների բարձրացման դեպքում թոշակառուները չեն կարողանա արդյունավետ օգտագործել այդ գումարները։