Տոտալ կոլապս և պարտված քաղաքականություն. Նարեկ Կարապետյանը՝ ջրի և էներգետիկայի ճգնաժամի մասին
25 Փետրվարի 2026, 19:35
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել է մայիսի 1-ից Երևանում նախատեսվող ջրամատակարարման սահմանափակումներին և էլեկտրաէներգիայի խափանումների աճին:
Նրա խոսքով՝ Հայաստանը տարածաշրջանի ամենաջրառատ երկրներից է, սակայն սխալ մենեջմենթի պատճառով բնակչությունը զրկված է տարրական կենսամիջոցից:
«21-րդ դարում, մայրաքաղաքում հարյուր հազարավոր բնակիչներ մի քանի ժամ ջուր չեն ունենալու։ Սա պետական ռազմավարության սխալ քաղաքականության արդյունք է»,-ասել է նա:
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի ոլորտին՝ Կարապետյանը նշել է, որ վերջին 4 ամիսներին անջատումների քանակն աճել է 40%-ով: Նա սա համեմատել է էներգահամակարգում նախկինում արված ներդրումների հետ, որոնք թույլ էին տվել կորուստները հասցնել նվազագույն 6%-ի, մինչդեռ ջրի ոլորտում տիրում է բարձիթողի վիճակ:
Խոսելով ապրիլի 1-ից կենսաթոշակների բարձրացումների մասին՝ Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ դա բյուջեով նախատեսված չէր և արվել է բացառապես քաղաքական ճնշումների ու իշխանության վախերի ներքո. «Պետական բյուջեում դրված չէր թոշակը բարձրացնելու ծրագիր։ Սա համարում ենք ընդդիմության հաղթանակը և վտանգի զգացողության արդյունք»: