Նախընտրական կաշառքների շքերթ
27 Փետրվարի 2026, 12:00
(Ընտրությունները ստիպում են իշխանություններին բաժանվել ամենաթանկարժեքից՝ փողից)
«Հայաստանում վերջին օրերի իրադարձությունները մատնանշում են, որ իշխող թիմը թևակոխել է «սուր նախընտրական տենդի փուլ», որն արտահայտվում է պետական պոպուլիզմի ամենադասական ձևերով և «հրդեհները» «ручной режим»-ով մարելու փորձերով: Դեռ բոլորովին վերջերս կառավարությունը հնչեցնում էր բյուջետային խիստ կարգապահության և սոցիալական կտրուկ ներարկումների անհնարինության հռետորաբանությունը, սակայն Նիկոլ Փաշինյանի հանկարծակի առատաձեռնությունն ու Դավիթ Խուդաթյանի հրատապ միջամտությունը «Վեոլիա ջուր» ընկերության գործերին վկայում են, որ սեփական անվերապահ առաջնորդության հարցում իշխանության վստահությունը ոչ այլ ինչ է, քան փուչիկ:
Իրականում մենք ականատես ենք լինում խորը «տագնապի ախտանիշի». երբ յուրաքանչյուր քվե ունենում է ոսկու արժեք, նույնիսկ նախկինում ամենաանընդունելի որոշումները վերածվում են քաղաքական գոյատևման գործիքի:
Ընդամենը մի քանի շաբաթ առաջ վարչապետ Փաշինյանն ընդգծված պրագմատիկ, եթե չասենք՝ կոշտ դիրքորոշում ուներ կենսաթոշակների բարձրացման հարցում՝ դա հիմնավորելով տնտեսական դաժան իրողություններով և երկարաժամկետ պլանավորման անհրաժեշտությամբ: Սակայն նվազագույն կենսաթոշակների և նպաստների բարձրացման մասին երեկվա հայտարարությունները ցույց են տալիս 180 աստիճանի կտրուկ շրջադարձ, որն արվել է բառացիորեն ընթացքի մեջ : Կուրսի այս հանկարծակի փոփոխությունը չի կարող բացատրվել միայն «տնտեսական աճով», որի մասին այդքան սիրում է խոսել պաշտոնական վիճակագրությունը, քանի որ հիմնարար ցուցանիշները մի քանի շաբաթվա ընթացքում չեն փոխվում: Սա զուտ քաղաքական մանևր է՝ ուղղված ամենակարգապահ և ակտիվ ընտրազանգվածի՝ թոշակառուների լոյալությանը:
Այն պայմաններում, երբ հանրային դժգոհությունը կուտակվում է ամենատարբեր ճակատներում, իշխանությունը գիտակցում է, որ նույնիսկ մի քանի հազար տարեցների ձայները կարող են վճռորոշ գործոն դառնալ Ազգային ժողովի ապագա կազմի համար մղվող պայքարում: Եթե իշխող կուսակցությունն իսկապես վստահ լիներ «50% պլյուս» ստանալու իր ներուժի վրա, նա այսքան ջղաձգորեն և շտապողաբար չէր վերաձևի բյուջետային քաղաքականությունը հանուն այսրոպեական մեդիա էֆեկտի:
Սրան զուգահեռ ծավալվում է ոչ պակաս ուշագրավ «դրամա» մայրաքաղաքի ջրամատակարարման շուրջ, որտեղ «փրկչի» դերում հանդես եկավ Դավիթ Խուդաթյանը: Հայտարարությունն այն մասին, որ կառավարության ջանքերի շնորհիվ «Վեոլիա ջուր» ընկերության՝ ջրամատակարարման հյուծիչ 17-ժամյա գրաֆիկին անցնելու որոշումը վերանայվել է, թվում է՝ սոցիալական պայթյունը երկրի հենց սրտում կանխելու բացահայտ փորձ: Մատակարար կազմակերպության փորձն՝ ամառվա տապին բազմաժամյա անջատումներ մտցնելու, առաջացրեց բացարձակապես հիմնավորված զայրույթի ալիք երևանցիների շրջանում, ընդ որում, այդ զայրույթը միավորեց ամենատարբեր հայացքների տեր մարդկանց: Այս իրավիճակում իշխանությունը տեսավ ոչ թե պարզապես կոմունալ խնդիր, այլ պոտենցիալ կայծ, որն ի զորու է բորբոքել մասշտաբային բողոքի շարժում, որը հնարավոր չի լինի կասեցնել սովորական քաղաքական մեթոդներով:
Արձագանքն անմիջապես եղավ. իրավիճակին միջամտեցին «ручной режим»-ով՝ փաստացի ստիպելով մասնավոր օպերատորին հրաժարվել այն ծրագրերից, որոնք կարող էին փողոց դուրս բերել ոչ միայն քաղաքական ակտիվիստներին, այլև մինչ օրս ընդգծված ապաքաղաքական բնակչության շերտերին: Ջրի և թոշակների շուրջ այս իրարանցումը բացահայտում է ներկայիս ռեժիմի գլխավոր թուլությունը՝ կրիտիկական կախվածությունը «փողոցի» տրամադրություններից և սեփական դիրքերի փխրունության խորը ներքին գիտակցումը:
Չնայած ժողովրդական աջակցության և միֆական վարկանիշների մասին հայտարարություններին, իրականությունն այնպիսին է, որ լոյալության յուրաքանչյուր տոկոսի համար իշխանությունն այսօր ստիպված է պայքարել՝ օգտագործելով վարչական և ֆինանսական լծակներ: Այն ազդանշանը, որն իշխանությունը ստացավ ջրամատակարարման թեմայով, չափազանց պարզ էր.սոցիալական բողոքը Հայաստանում այսօր ունի շատ ավելի մեծ մոբիլիզացիոն պոտենցիալ, քան վերացական քաղաքական կարգախոսները:
Երբ կառավարության քննադատությանը միանում են ոչ միայն քաղաքական գործիչները, այլև սովորական քաղաքացիները, որոնք մտահոգված են կյանքի տարրական պայմաններով, Փաշինյանի դիրքերը սկսում են զգալիորեն տատանվել՝ զրկելով նրան մանևրելու սովորական տարածքից: Ընդդիմադիր ուժերի համար ներկայիս իրավիճակը պետք է դառնա ոչ միայն քննադատության առիթ, այլև կարևոր մարտավարական դաս և գործողությունների ուղղակի ուղեցույց: Ակնհայտ է, որ ռեժիմի «պատժիչ մեքենան» պահպանում է իր միաձուլությունը և հավատարմությունն այնքան ժամանակ, քանի դեռ բողոքն իրեն թվում է լոկալ, զուտ գաղափարական կամ մարգինալ: Սակայն սոցիալական բողոքը բոլորովին այլ «նյութ է», որի դեմ անզոր են ճնշման ստանդարտ մեթոդները:
Երբ փողոց են դուրս գալիս մարդիկ, որոնք պահանջում են ջուր, ջերմություն, արժանապատիվ ծերություն և արդարություն հանրային բարիքների բաշխման հարցում, ուժային կառույցների բարոյական ոգին անխուսափելիորեն սկսում է ճաք տալ։ Հենց նման սոցիալական բողոքների աջակցությունն ու գրագետ մոդերացիան, քաղաքացիների հրատապ, կենցաղային և տնտեսական խնդիրների լուծման միջոցով «փողոցի տաքացումն» այն է, ինչն ի զորու է կաթվածահար անել ուժային ապարատի վճռականությունը: Եթե թեժ սոցիալական օրակարգը բազմապատկվի ընտրություններին զանգվածային մասնակցության ակտիվ կոչերով՝ որպես համակարգային փոփոխությունների միակ միջոցի, իրավապահների հավատարմությունը Փաշինյանին կդադարի հաստատուն լինել:
Կառավարության այսօրվա ջղաձիգ գործողությունները ոչ թե պետական զարգացման ռազմավարություն են, այլ ցանկացած գնով աթոռները պահելու մարտավարություն: Նրանք վախենում են յուրաքանչյուր կորցրած հազար ձայնից, որովհետև գիտեն՝ իրենց տոտալ գերիշխանության մասին միֆը պահվում է ժողովրդական համբերության բարակ թելից, որը կարող է կտրվել ցանկացած պահի:
Ջրամատակարարման գրաֆիկների և կենսաթոշակային վճարումների հետ կապված մանիպուլյացիաները ժամանակ շահելու փորձեր են, բայց հենց այդ փորձերն են ցույց տալիս ընդդիմությանը, թե որտեղ է գտնվում ներկայիս իշխանության իրական «աքիլլեսյան գարշապարը»: Սոցիալական դժգոհությունը վերածվում է հիմնական քաղաքական կապիտալի, և նա, ով կկարողանա ճիշտ և ժամանակին տնօրինել այն, կստանա երկրում իրական փոփոխությունների բանալին: Իշխանությունն արդեն սկսել է արդարանալ և նահանջել հասարակական կարծիքի ճնշման ներքո, և սա միայն հաստատում է՝ այն մոնոլիտը, որով նրանք փորձում են երևալ, իրականում պատված է խորը ճաքերով: Նախընտրական մարաթոնը նոր է սկսվում, բայց դրա մեկնարկն արդեն նշանավորվել է նրանց թուլության նշաններով, որոնք դեռ երեկ իրենց անպարտելի էին համարում:
Այս համատեքստում կառավարության յուրաքանչյուր գործողություն, որը թելադրված է սոցիալական բունտի վախով, միայն մոտեցնում է այն պահը, երբ քանակը կվերածվի որակի, և քաղաքական փոփոխությունները կդառնան անխուսափելիություն, որը չի հաջողվի հեղեղել ոչ ջրով, ոչ էլ բյուջետային ողորմություններով: Ընդդիմությանը մնում է միայն դադարել անտեսել սոցիալական դաշտը և սկսել գործել այնտեղ, որտեղ իշխանությունն առավել խոցելի է և որտեղ նա արդեն սկսել է զիջել դիրքերը:
Մտածե՛ք այդ մասին…»։