Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ծրագրերը հատուկ քննարկման կարիք ունեն․ Վլադիմիր Պուտին

09 Մայիսի 2026, 23:00

Քաղաքականություն

Հաղթանակի շքերթից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան կաջակցի ցանկացած որոշման, որը բխում է հայ ժողովրդի շահերից։ Նա ընդգծել է, որ առանձնահատուկ ոչինչ չի տեսնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հաղթանակի օրվա տոնակատարությանը մասնակցելու համար Մոսկվա չժամանելու որոշման մեջ։

Պուտինի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը անդամակցելու հարցով։ Եթե ժողովուրդը աջակցի այդ քայլին, Ռուսաստանը պատրաստ է սկսել «քաղաքակիրթ բաժանման» գործընթաց։ Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ Ուկրաինայում իրավիճակը նույնպես սկսվել էր եվրաինտեգրման հարցից։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ծրագրերը պահանջում են առանձնահատուկ քննարկում, սակայն Մոսկվան արդեն մի քանի անգամ հայտնել է Փաշինյանին, որ պատրաստ է աջակցել այն ամենին, ինչը համապատասխանում է հայ ժողովրդի շահերին։ Պուտինը հավելել է, որ թեև ապրանքաշրջանառությունը նվազել է, Հայաստանի հետ առևտրի ծավալը կազմում է շուրջ 7 միլիարդ դոլար։ Նա նաև նշել է, որ Հայաստանը զգալի առավելություններ է ստանում Եվրասիական տնտեսական միության շրջանակում։