Հայկական ինքնագիտակցությունից եկեղեցին ու քրիստոնեական ժառանգությունը հեռացնելն անհնար է․ Ալեքսեյ Մուրավյով
27 Փետրվարի 2026, 19:15
Հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են խոր ճգնաժամի փուլում․ դրանք վերափոխվում են, իսկ Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում փոխվում է։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկյան երկրների ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնի վարիչ Ալեքսեյ Մուրավյովը։
«Մեր հարաբերությունները վերափոխման փուլում են։ Վերափոխման այս գործընթացում Ռուսաստանը, որը հանդես էր գալիս որպես անվտանգության մատակարար և երաշխավոր ոչ միայն Հայաստանի, այլև ողջ Հարավային Կովկասի համար, այժմ փոխում է իր դերը։ Որ ուղղությամբ է այն փոխվում՝ դեռ դժվար է ասել։ Հնարավոր է ձևավորվեն նոր դաշինքներ։ Ցանկալի կլիներ խուսափել ուղիղ առճակատումներից, թեև այդ սցենարը ևս ամբողջությամբ բացառված չէ։ Կարծում եմ՝ Ռուսաստանի դերն ավելի ու ավելի է տեղափոխվում մարդասիրական և մտավոր-մշակութային ոլորտ»,- նշել է նա։
Խոսելով Հայաստան կատարած այցի նպատակի մասին՝ Մուրավյովը ընդգծել է, որ եկել է մասնակցելու մի շարք կլոր սեղանների և քննարկումների։ Նա նշել է, որ դասախոսությունների թեմաները վերաբերում են Մեսրոպ Մաշտոցի դարաշրջանում հայկական պետական և կրոնական ինքնագիտակցության ձևավորմանը, ինչպես նաև այն հիմքերին, որոնց վրա ձևավորվել է հայկական ազգային և պետական ինքնագիտակցությունը։
Պատասխանելով վերջին շրջանում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի և իշխանությունների կողմից Եկեղեցու հասցեին հնչող քննադատությունների վերաբերյալ հարցին՝ փորձագետը նշել է, որ ուշադիր հետևում է զարգացումներին՝ հիշեցնելով, որ ունի բարի և ջերմ հարաբերություններ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի հետ։
«Սա որոշակի անհանգստություն է առաջացնում, որովհետև, իհարկե, դժվար է պատկերացնել, որ Հայ Առաքելական Եկեղեցին և ընդհանրապես քրիստոնեական ժառանգությունը կարելի է որևէ կերպ հանել, ջնջել հայկական ինքնագիտակցությունից և ինքնությունից։ Իմ կարծիքով՝ դա բացարձակապես անհեռանկար և անիմաստ գաղափար է։ Պատմության ընթացքում նման օրինակներ, իհարկե, եղել են, երբ Օսմանյան կայսրության տարածքում եկեղեցական առաջնորդները ենթարկվել են հետապնդումների, ձերբակալությունների, նրանց պարտադրել են ընդունել ոչ ժողովրդական որոշումներ և այլն։ Նման դեպքեր եղել են, սակայն դրանք իրականացվել են ոչ թե հայկական, այլ թուրքական իշխանությունների կողմից»,- ասել է նա՝ հավելելով, որ նույնիսկ խորհրդային իշխանությունները Բրեժնևի օրոք իրենց նման բան թույլ չէին տալիս։