Թրամփի համար ավելի շահավետ են բանակցությունները, քան երկարատև պատերազմը․ Օլեգ Բլոխին

02 Մարտի 2026, 22:45

Քաղաքականություն

Ռազմական փորձագետ Օլեգ Բլոխինն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները՝ գնահատելով հետագա էսկալացիայի հնարավոր սցենարները, արտաքին դերակատարների դերը և բանակցային գործընթացի հեռանկարները։

Փորձագետի խոսքով՝ էսկալացիան մեծ մասամբ կանխատեսելի էր, իսկ իրադարձությունների հետագա զարգացումը կախված կլինի նրանից, թե արդյոք կողմերը կգնան ցամաքային գործողության, և որքանով է Իրանը պատրաստ գործի դնել իր ամբողջ ռազմական ներուժը։

Խոսելով այն մասին, թե ինչպես հետագայում կզարգանան իրադարձությունները, փորձագետը նշել է, որ Թրամփին ավելի ձեռնտու են բանակցությունները, քան ձգձգվող պատերազմը:

«Թրամփն արդեն հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների ներկայիս ղեկավարության հետ, ուստի չեմ բացառում, որ կողմերը կարող են ինչ-որ էական զիջումների գնալ։ Թրամփի համար դա ավելի շահավետ տարբերակ է։ Նա ամեն դեպքում իրեն հաղթող կհայտարարի։ Կասի, որ ինքն է ստիպել նրանց բանակցել, որ իրենք են խնդրել, ոչ թե ինքը։ Որ նա մեծահոգաբար համաձայնվել է: Նրան, իհարկե, ավելի ձեռնտու են բանակցությունները, քան ձգձգվող պատերազմը։ Պատերազմը ենթադրում է ծախսեր, կորուստներ և բավականին մթագնված հեռանկարներ արդյունքի հասնելու համար։Բանակցությունների ժամանակ նա կարող է հայտարարել նպատակներին հասնելու մասին շատ ավելի արագ։ Ուստի ամենահավանական տարբերակը բանակցությունների գնալն է», — եզրափակել է Բլոխինը։