Թեհրանը կարող է պայթեցնել տարածաշրջանը․ Նախիջևանն առաջին ազդակն էր. Բալասանյան
05 Մարտի 2026, 18:20
Alpha News-ի հետ զրույցում միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը անդրադարձել է տարածաշրջանում վերջին զարգացումներին, մասնավորապես՝ Նախիջևանի օդանավակայանի տարածքում իրանական ԱԹՍ-ների հարվածին և դրա հնարավոր հետևանքներին։
Բալասանյանի գնահատմամբ՝ տեղի ունեցածը պատահականություն չէ և պետք է դիտարկել ավելի լայն քաղաքական համատեքստում։ Նրա խոսքով՝ Իսրայելի հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձևավորած առանձնահատուկ հարաբերությունները և դրանց միջոցով Արցախի հարցում ձեռք բերված արդյունքներն «ունեն իրենց գինը», և այդ գինն, ըստ փորձագետի, այժմ արդեն տեսանելի է դառնում։
«Սա նախազգուշացում է Ալիևին։ Նախիջևանի օդանավակայանի ռմբակոծումը ուղերձ էր»,- նշել է Բալասանյանը՝ հավելելով, որ խոսքը կարող է գնալ նաև Արարատին մերձ հատվածներում կառուցված ադրբեջանական օդանավակայանների մասին։ Նրա խոսքով՝ չի բացառվում, որ առաջիկայում այդ ուղղությամբ ևս հարվածներ լինեն։
Անդրադառնալով Բաքվի հայտարարություններին՝ միջազգայնագետը նշել է, որ դրանք, իր համոզմամբ, լուրջ չեն ընդունվի Թեհրանում։
«Իրանցիները շատ լավ գիտեն Ադրբեջանի բանակի հնարավորությունները։ Եթե որևէ քայլ արվի, Ադրբեջանը կարող է բավականին ծանր վիճակում հայտնվել»,- ընդգծել է նա։
Բալասանյանի խոսքով՝ անօդաչու սարքով իրականացված հարվածը ցույց տվեց, որ նույնիսկ իսրայելական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք տեղակայված էին Նախիջևանի օդանավակայանի երկայնքով, չեն կարողացել կանխել այն։
Մանրամասները՝ տեսանյութում: