Խամենեիի որդին՝ նոր գործոն․ ի՞նչ է սպասվում Իրանի իշխանությանը
10 Մարտի 2026, 18:00
Իրանում հնարավոր առաջնորդական փոփոխությունները կարող են ունենալ կարևոր նշանակություն՝ հաշվի առնելով Դոնալդ Թրամփի քաղաքական հաշվարկները։ Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը կարող էր նպաստել այնպիսի ընտրության, որն առավել ձեռնտու կլիներ Թրամփին։
«Եթե մինչ այժմ շատերը կարծում էին, որ Ալի Խամենեիի հեռացումից հետո հնարավոր կլինի կանգնեցնել պատերազմը և ձևավորել նոր քաղաքական գիծ, ապա Մոջթաբա Խամենեիի ընտրությամբ կարծես ուղերձ է հղվում, որ Իրանի քաղաքականությունը չի փոխվելու և շարունակվելու է նույն ուղղությամբ»,- նշել է քաղաքագետը։
Ռոբերտ Մարգարյանի կարծիքով՝ այդ իրավիճակը կարող է Թրամփին հնարավորություն տալ շարունակելու Իրանի նկատմամբ ճնշումները և ձևավորելու ավելի լայն միջազգային համախմբում։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ վերջին օրերին եվրոպական մի շարք երկրների հայտարարություններն ավելի կոշտ բնույթ են ստացել։
«Երեկվանից Եվրոպայից հնչող հայտարարությունները շատ ավելի կոշտ են։ Գերմանիայի կանցլերը նշել է, որ Իրանում իշխանությունը պետք է փոխվի։ Նմանատիպ հայտարարություններ են հնչել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահի կողմից։ Արաբական երկրներից ևս հնչում են կոշտ գնահատականներ, իսկ Եգիպտոսը նշել է, որ հնարավոր է փորձ արվի ձևավորել արաբական ճակատ Իրանի դեմ»,- նշել է նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ ընթացիկ զարգացումները ցույց են տալիս, որ Թրամփը կարող է հասնել իր նպատակներից մեկին՝ Իրանի դեմ արտաքին ճակատ ձևավորելուն։
Մանրամասները՝ տեսանյութում: