Փաշինյանի հեծանվային ու կենցաղային քարոզչությունը սպառվել է, ցանկալի արդյունքի չեն հասնում. Կարեն Քոչարյան
10 Մարտի 2026, 20:00
Alpha News-ի եթերում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն անդրադարձել է նախընտրական հնարավոր զարգացումներին։
Ըստ քաղտեխնոլոգի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեծանվային ու կենցաղային քարոզչությունն արդեն սպառել է իրեն։
«Փաշինյանն արդեն երկու տարի է, ինչ սկսել է քարոզչությունը՝ կախիչներից ու ծորակներից, բայց չի ստանում ցանկալի արդյունք: Իշխանությունը փորձում է ամեն կերպ կանխել վարկանիշի անկումը»,- ասել է Քոչարյանը:
Քաղտեխնոլոգը նշել է, որ չնայած Փաշինյանը փակ դռների հետևում, հավանաբար, ավելի իրատեսական է գնահատում վիճակը, հրապարակային ելույթներով փորձում է հույս ներշնչել սեփական թիմին։ Ըստ Քոչարյանի՝ իշխող ուժի ձայները ներկայումս ավելի քիչ են, քան մնացած բոլոր ուժերի ձայները միասին վերցրած։
«Մոտակա ամիսների հիմնական խնդիրը պետք է լինի պահել եղածը, փորձել «ցեմենտել» այն»,-ընդգծել է Քոչարյանը։ Նա միաժամանակ նշել է, որ առաջիկա ընտրությունները վճռորոշ են լինելու բոլոր կողմերի համար:
Ամփոփելով՝ փորձագետն ասել է, որ թեև տեսականորեն քարոզչական տեխնոլոգիաներով հնարավոր է թվեր նկարել, սակայն գործնականում, հաշվի առնելով անցած տարիների կորուստներն ու հանրային տրամադրությունները, իշխանության համար իրավիճակը գնալով ավելի բարդանում է: