Նույնիսկ պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ն ու Իսրայելը կարող են կրկին ռազմական արշավ սկսել Իրանի դեմ. Գեորգի Ասատրյան

10 Մարտի 2026, 23:00

Քաղաքականություն

Համաշխարհային ռազմական տնտեսագիտության և ռազմավարության ինստիտուտի փոխտնօրեն Գեորգի Ասատրյանը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ, դրա ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հակամարտության հնարավոր ազդեցությունը Հարավային Կովկասի վրա։

Փորձագետի կարծիքով՝ Մերձավոր Արևելքի հակամարտությունը շարժվում է դեպի մարտական գործողությունների ակտիվ փուլի ավարտ։

«Մենք դեռ «պատերազմի մշուշի» մեջ ենք, և անհայտները շատ են։ Դժվար է վերլուծություն անել, քանի որ կան բազմաթիվ ֆեյքեր և արհեստական բանականության օգնությամբ ստեղծված նյութեր։ Բացի այդ, տեղեկատվության զգալի մասը չի հասնում լայն հասարակությանը, որովհետև կողմերը բավականին կոշտ դիրքորոշում են որդեգրել ռազմական գրաքննության տեսանկյունից։ Ի տարբերություն այսպես կոչված տասներկուօրյա պատերազմի՝ այժմ կա որակական տարբերություն։ Թեև, իհարկե, իսրայելական կողմի գրաքննությունը մենք տեսել ենք և՛ այն ժամանակ, և՛ հիմա, և այն բավականին արդյունավետ է աշխատում։ Իրանական կողմը նույնպես բարձրացրել է իր արդյունավետությունն այս ասպեկտում։

Իմ կարծիքով՝ երկու կողմերն էլ ուժեղացրել են տեղեկատվության վերահսկողությունը։ Ես նույնիսկ կասեի, որ իսրայելական կողմն այն է՛լ ավելի է խստացրել, քանի որ այնտեղից կադրերը քչացել են։ Երևում է, որ կողմերը վերափոխել են իրենց քաղաքականությունն այս ուղղությամբ։

Ինչ վերաբերում է պատերազմի ընթացքին, ինձ թվում է, որ պատերազմի այս փուլն այսպես թե այնպես մոտենում է ավարտին։ Չգիտեմ, թե որքան է մնացել մարտական գործողությունների ակտիվ փուլի ավարտին, բայց կարծում եմ՝ խոսքը մեկ կամ մի քանի շաբաթվա մասին է։ Դա կապված է այն բանի հետ, որ հակամարտության նախաձեռնող կողմը, ըստ ամենայնի, ձգտում է այն ավարտել…

Եթե խոսենք բանակցային գործընթացի սկզբի մասին՝ թեկուզ ամենանախնական, որը դեռ կարող է ձախողվել, ապա այստեղ նույնպես մասնակցում են Միացյալ Նահանգները։ Ես ուշադրություն կդարձնեի Թրամփի զանգին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, այդ թվում՝ որպես այդ դիվանագիտական ակտիվության տարրերից մեկի։ Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, արդեն փորձեր են արվում շարժվել դեպի մարտական գործողությունների ակտիվ փուլի ավարտ»,- ասել է Ասատրյանը։

Ըստ փորձագետի՝ Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակները պատերազմի ընթացքում տրանսֆորմացիայի են ենթարկվել։ Սկզբում ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակները կայանում էին ռեժիմի փոփոխության մեջ, Իրանի բալիստիկ ծրագրի ոչնչացման և նրա միջուկային ենթակառուցվածքի վրա հարված հասցնելու մեջ, սակայն, ըստ նրա, այս երեք նպատակներն էլ, ըստ էության, տապալվել են։

«ԱՄՆ-ը և Իսրայելը եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է զգալի հարվածներ հասցնել պետությանը՝ սպառելով Իրանի ռազմական ռեսուրսները և թուլացնելով նրա պետականության պոտենցիալը։ Վարչակարգը փոխել չհաջողվեց, պետությունն ուժեղ գտնվեց, ուստի այդ նպատակին մոտենալու համար որոշվեց համակարգված թուլացնել Իրանը։ Ի սկզբանե, հավանաբար, հույս ունեին փոխել վարչակարգը, այդ թվում՝ Ալի Խամենեիի լիկվիդացման միջոցով, բայց դա տեղի չունեցավ։

Իրանն ընտրել է ռազմավարություն՝ թուլացնելու ԱՄՆ-ի և Իսրայելի ՀՕՊ համակարգերը տարածաշրջանում՝ հարվածներ հասցնելով նրանց օբյեկտներին և դաշնակիցներին։ Չնայած սահմանափակումներին՝ կոալիցիայի դիրքերը մնում են բարդ. նպատակները մասնակիորեն հասանելի են, Իրանի ռազմական պոտենցիալը թուլացած է, բայց գլոբալ նպատակները դեռևս կատարված չեն»,-նշել է Ասատրյանը։