Փաշինյանը չի պատրաստվում պաշտոնից ազատել Դավիթ Առուշանյանին
29 Հոկտեմբերի 2026, 14:08
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում պաշտոնից ազատել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին՝ Ռուսաստանի և ռուս ազգի վերաբերյալ նրա աղմկահարույց գրառումից հետո։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Առուշանյանը սոցիալական ցանցում, արձագանքելով Գյումրիի օրվա առթիվ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների շնորհավորանքներին, գրել էր. «Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»»։
Լրագրողի հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է պաշտոնից ազատել Առուշանյանին, և չի՞ մտահոգվում, որ Ռուսաստանի մուտքի արգելքը կարող է վերաբերել նաև իրեն, Փաշինյանը պատասխանել է, որ իրավիճակը դեռ պետք է պարզաբանվի։
«Դա մի իրավիճակ է, որ պետք է պարզվի ու պարզաբանվի։ Ինչի՞ են, էլի, այդքան Կիկոսի մահը սիրում, չեմ կարողանում հասկանալ. բա որ այսպես կամ այնպես լինի… Դեռևս քաջարի զինվոր Շվեյկն է պատասխանել այդ ժանրի հարցերին, ես այլ պատասխան չունեմ»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը նաև նշել է, որ մանրամասն տեղյակ չէ, թե կոնկրետ ինչ է գրել մարզպետը, սակայն նման հարցերում առավելագույնս զգույշ և կոռեկտ լինելու անհրաժեշտություն է տեսնում։
«Ես կարծում եմ, որ պետք է մաքսիմալ կոռեկտ լինել։ Եթե մի անզգույշ բան է ասվել, ես ցավում եմ ու հույս ունեմ, որ կշտկվի, կկարգավորվի»,- նշել է նա։