Թեհրանի հայկական թաղամասը ենթարկվել է հրթիռային հարվածի, որի հետևանքով կա վիրավոր. Շահնազարյան

11 Մարտի 2026, 23:30

Քաղաքականություն

Թեհրանին հասցված հարվածների հետևանքով վնասներ են կրել նաև հայաբնակ հատվածները։ AlphaNews-ի հետ զրույցում հայտնել է «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը։

«Հարվածը եղել է այն հատվածում, որտեղ հայությունն է կենտրոնացած։ Ավերվել է մի քանի տուն, որոնք պատկանել են մեր հայրենակիցներին»,- նշել է Շահնազարյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ հրթիռային հարվածից վնասվել է Թեհրանի Հայ ազգային մշակութային միության շենքը։ «Սոցիալական ցանցերում տարածված գրառումների համաձայն՝ հարվածի հետևանքով վիրավորվել է հայ երիտասարդ»,- ասել է նա։

Շահնազարյանը նշել է, որ Իրանում ինտերնետային կապի սահմանափակումների պատճառով տեղեկատվություն ստանալը դժվար է, և հիմնական տեղեկությունները գալիս են սոցիալական ցանցերում հայտնվող կարճ հաղորդագրություններից։

«Տեղեկությունները հիմնականում ստացվում են ֆեյսբուքյան գրառումներից։ Հաշվի առնելով, որ նման լուրերը համայնքում շատ արագ են տարածվում, կարելի է դրանք բավական հավաստի համարել»,- նշել է նա։

«Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիրը հավելել է, որ գրեթե անհնար է կապ հաստատել Թեհրանում բնակվող հայերի հետ, և երբեմն հնարավոր է լինում ստանալ միայն կարճ հաղորդագրություններ։

«Հեռախոսով կապ հաստատելը գրեթե անհնար է։ Իսկ երբ բախտդ բերում է, և WhatsApp-ը միանում է, նոր հնարավոր է լինում խոսել»,- նշել է Շահնազարյանը։