Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան

16 Մարտի 2026, 20:54

Քաղաքականություն

Այսօր մենք հավաքվել ենք հայտարարելու, որ մասնակցելու ենք խորհրդարանական ընտրություններին։ Մենք տրամադրված ենք վճռական, և մեր նպատակը հաղթանակն է։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Վստահ եմ՝ այն չարը, որ մարմնավորում է այս իշխանությունը, պարտվելու է։ Ես նրանց հետ պայքարի մեջ եմ մտել իրենց իշխանության գալու առաջին իսկ օրվանից։ Եվ չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև նրանք չհեռացվեն։ Մեր հազարավոր զինվորների զոհվելու մեղավորները պետք է պատասխան տան, նաև նրանք, ովքեր հանձնեցին Արցախը ու ստիպում են ժողովրդին մոռանալ իր հերոսական պայքարի պատմությունը»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը։

Նրա խոսքով՝ այսօր հայերին փորձում են համոզել, թե մեր պատմությունը բեռ է, այլ ոչ թե հենարան առաջ շարժվելու համար։

«Այս վտանագավոր անհեթեություններին մենք ասում ենք՝ ոչ։ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունն ու հայրենասիրությունը շարժիչ ուժ են ժամանակակից և հզոր պետություն կառուցելու համար»,- ընդգծել է նա։

Ռոբերտ Քոչարյանը նշել է նաև, որ այսօր անվտանգությունը մնում է Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը։

«Հայաստանին պետք է մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից, որպեսզի համատեղ ուժերով չեզոքացվեն բոլոր սպառնալիքները»,- հայտարարել է նա։