Ադրբեջանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Բաքվում քննարկել են TRIPP-ի իրականացումը

08 Սեպտեմբերի 2026, 21:45

Քաղաքականություն

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը սեպտեմբերի 8-ին Բաքվում հանդիպել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան այսպես կոչված «խաղաղության գործընթացը», տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացումը։ Քննարկվել են նաև նախատեսվող ենթակառուցվածքների և TRIPP Development Company-ի ստեղծման հետ կապված հարցեր։

TRIPP նախագիծը ձևավորվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում, որը հյուրընկալել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նախագիծը նախատեսում է Հայաստանի Սյունիքի մարզով տարանցիկ կապի ստեղծում՝ Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին կապելու նպատակով։

Բաքվում կայացած քննարկումները, մասնավորապես TRIPP-ի ենթակառուցվածքային բաղադրիչների և կառավարման մեխանիզմների վերաբերյալ, վկայում են Ադրբեջանի ակտիվ ներգրավվածության մասին նախագծի հետագա ձևավորման գործընթացում։

Մամեդովն ու Ալենը քննարկել են նաև Ադրբեջան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները և 2026 թվականի փետրվարին ստորագրված Ռազմավարական գործընկերության խարտիայի շրջանակում համագործակցությունը։

Ադրբեջանական հաղորդագրությունների հրապարակման պահին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Դեյվիդ Ալենի՝ Բաքու այցի, հանդիպման կամ TRIPP-ի շուրջ քննարկումների վերաբերյալ առանձին հրապարակային հաղորդագրություն չէր տարածել։