Գարեգին Բ–ն ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի վախճանման առիթով

18 Մարտի 2026, 17:18

Քաղաքականություն

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և հավատավոր ժողովրդի ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Նորին Սրբություն Իլիա Բ-ի վախճանման առիթով։

«Նորին Սրբություն Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի բազմամյա հովվապետական ծառայության ընթացքը վկայություն եղավ հավատքի ամրության ու հոգևոր նվիրյալ առաջնորդության։ Նրա հովվապետությունը նշանավորվեց Վրաստանում հոգևոր կյանքի վերազարթոնքով, եկեղեցական կյանքի զորացմամբ և աշխուժացմամբ։ Դժվարին ժամանակներում երջանկահիշատակ Պատրիարքը հայրական իմաստությամբ և սիրով առաջնորդեց իր հավատավոր հոտը՝ հաստատուն պահելով Վրաց Սուրբ Եկեղեցու առաքելությունը», — ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցագրում։

Վեհափառ Հայրապետն Ամենակալ Տիրոջ մխիթարությունն է հայցել Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևորականությանն ու վրաց սգակիր բարեկամ ժողովրդին՝ մաղթելով, որ Նորին Սրբության հիշատակը միշտ վառ մնա հավատավոր իր զավակների սրտերում և ներշնչման աղբյուր դառնա գալիք սերունդների համար։