Հայաստանի անցումը եվրոպական չափանիշներին կասկածելի է թվում. Եվգենի Սեմիբրատով

19 Մարտի 2026, 22:30

Քաղաքականություն

Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի Ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի փոխտնօրեն Եվգենի Սեմիբրատովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է եվրոպական չափանիշների ներդրման հարցում Հայաստանի իշխանությունների շահագրգռվածությունը:

«Հայաստանի անցումը եվրոպական չափանիշներին առավելագույնս կասկածելի և անհիմն է թվում պատմության ռացիոնալ տեսանկյունից, քանի որ այնպես է ստացվել, որ եվրոպական չափանիշները զգալիորեն տարբերվում են այն չափանիշներից, որոնք ընդունված են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում»,- ասել է Սեմիբրատովը:

Փորձագետի խոսքով՝ միաժամանակյա շարժումը դեպի ԵՄ և անդամակցության պահպանումը ԵԱՏՄ-ին հակասում է ինտեգրացիոն գործընթացների տրամաբանությանը:

«Ոչ վաղ անցյալում հայկական ղեկավարության կողմից, այդ թվում՝ էկոնոմիկայի նախարարի մակարդակով, տեսանք հայտարարություն այն մասին, որ Հայաստանը շահագրգռված չէ դուրս գալ Եվրասիական տնտեսական միության կազմից: Միևնույն ժամանակ, ռուսական կողմը բազմիցս ընդգծել է, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵԱՏՄ-ին և Եվրամիությանն անհնար է, քանի որ մեկը մյուսին բացառում է: Հետևաբար, տվյալ դեպքում այս միջոցը թվում է անհեռանկարային, չարդարացված և հայ ժողովրդի շահերին հակասող:

Դեպի եվրոպական շուկա հայկական արտադրանքի հնարավոր մատակարարումների տեսանկյունից պետք է հաշվի առնել բարձր մրցակցությունը, եվրոպական սպառողական շուկայի լճացումը, և ամեն ինչ պարզապես հանգում է նրան, որ ընթացիկ իրավիճակում հայկական տնտեսության համար այնտեղ տեղ չկա: Մինչդեռ ԵԱՏՄ տնտեսական կապերի շրջանակներում Հայաստանի տեղը վաղուց ձևավորված է»,-ասել է նա:

Փորձագետի կարծիքով՝ Արևմուտքի հետ մերձեցման կուրսը քաղաքական բնույթ է կրում և չունի տնտեսական հիմքեր:

«Մենք հերթական անգամ տեսնում ենք հայտնի քաղաքական գործընթացների հետ կապված ասպեկտներ, որոնք հրահրվում են երկրի գործող քաղաքական ղեկավարության կողմից, որը չի հերքում և չի թաքցնում հայկական պետությունը աստիճանաբար տրանսատլանտյան և կոլեկտիվ Արևմուտքի համատեքստ տեղափոխելու մտադրությունները: Սակայն նույն Ուկրաինայի և Մոլդովայի օրինակը ցույց է տալիս, որ հետխորհրդային տարածքի երկրների համար ներկա փուլում այս ուղին բացարձակապես փակուղային է: Նույնիսկ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցած Մերձբալթյան երկրները ներկայումս տնտեսական հետնապահներ են, թեև ԽՍՀՄ ժամանակներում նրանք ամբողջ Խորհրդային Միության ցուցափեղկն էին: Հետևաբար, շարժումը դեպի Եվրոպա բացարձակապես չարդարացված և անտրամաբանական քայլ է»,-եզրափակել է Սեմիբրատովը: