«Տաշիր Կապիտալ»-ն ընդդեմ ՀԾԿՀ-ի գործի վարույթը վերսկսվել է

19 Մարտի 2026, 23:54

Քաղաքականություն

Վարչական դատարանը՝ դատավոր Լիլիթ Սադոյանի նախագահությամբ, վերսկսել է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն ընդդեմ՝ Հանրային ծառայությունները կարգավորող  հանձնաժողովի  գործի քննությունը։ Հաղորդում է «Փաստինֆոն»։

Հայցադիմումով «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն վիճարկում է ՀԾԿՀ-ի՝ ՀԷՑ-ի կառավարման լիցենզիայից զրկելու որոշումը։ Հայցվոր կողմի դիտարկմամբ՝  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշումները` լիցենզիան հետ կանչելու և ժամանակավոր պետական կառավարիչ նշանակելու մասին, ընդունվել են առանց համապատասխան փաստական հիմքերի և գործի հանգամանքների սխալ մեկնաբանմամբ: Սույն գործով երրորդ անձինք են ճանաչված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ և  «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերությունները։

Գործի քննությունը, սակայն, մարտի 3-ի որոշմամբ կասեցվել էր՝ պայմանավորված ՍԴ-ում «ՀԷՑ»-ը խլելու օրենսդրական փոփոխությունների սահմանադրականության հարցի քննությամբ։ Մասնավորապես, Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումներին հաջորդել է ՀԷՑ-ը «խլելու» օպերացիան։ ՔՊ-ն ընդամենը երկու շաբաթվա ընթացքում մշակեց օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը հնարավորություն է տալիս գործադիրին վերցնել ՀԷՑ-ի կառավարումը:

ՔՊ-ի ներկայացրած օրենսդրական փաթեթը հենց ՔՊ-ի կողմից էլ ընդունվեց ԱԺ արտահերթ նիստում՝ 24 ժամվա ընթացքում:  Մասնագիտական համայնքը մտահոգված է՝ գույքերի պետականացման  իրավական և իրավաչափ որևէ գործիքակազմ չկա և չի էլ կարող լինել, իսկ եթե Նիկոլ Փաշինյանի կողմից է հայտարարվում այդ գործընթացի մասին, ապա դա ոչ այլ ինչ է, քան՝ «բիզնես խլելու» գործընթաց և սահմանադրական կարգի տապալում, ինչն անընդունելի  է իրավական պետությունում։ Ավելին, մասնագիտական հանրությունը վստահ է, որ այս գործընթացը, որն ի սկզբանե քաղաքական է, տապալված է՝ միջազգային ատյաններում և որ վաղ, թե ուշ՝ այս գործընթացի հետևանքով հերթական վճիռն է լինելու՝ ընդդեմ ՀՀ-ի, իսկ ֆինանսական բեռը տարածվելու է ՀՀ հարկատուների վրա, այսինքն՝ այս իշխանությունների ապօրինությունների բեռը տարածվելու է քաղաքացիների վրա։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։