Արևելքի և Էրմիտաժի պահապանը. Հովսեփ Օրբելի

20 Մարտի 2026, 22:00

Հայեր

Հովսեփ Օրբելին (1887–1961 թթ.) հայ արևելագետ է, հնագետ, հասարակական գործիչ, ում աշխատությունները հիմք են դրել Կովկասի և Մերձավոր Արևելքի պատմության ու մշակույթի գիտական ուսումնասիրությանը։

Նա ծնվել է 1887 թվականի մարտի 20-ին Քութայիսում՝ հայ հոգևորականի ընտանիքում։ Վաղ տարիքից հետաքրքրություն է ցուցաբերել պատմության և լեզուների նկատմամբ, ինչն էլ կանխորոշել է նրա հետագա ճակատագիրը։ Դեռևս ուսանողական տարիներին Օրբելին մասնակցել է հնագիտական արշավախմբերի, այդ թվում՝ 14-րդ դարի երկրաշարժից ավերված հնագույն Անի քաղաքի պեղումներին և Լեռնային Ղարաբաղում 12-14-րդ դարերի վիմագրական նյութերի հավաքմանը։

1911 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական և արևելագիտության ֆակուլտետները, որտեղ դասավանդել են Նիկողայոս Մառը և Սերգեյ Օլդենբուրգը։

Օրբելու գիտական գործունեությունը կարճ ժամանակում նշանակալի առաջընթաց է գրանցել․ նա դարձել է հայկական և վրացական բանասիրության ամբիոնի դոցենտ, ապա՝ արևելյան արվեստի պատմության պրոֆեսոր։ Բացի այդ, ղեկավարել է Վանա լճի շրջանում իրականացված հնագիտական արշավախումբը։ Հեղափոխությունից հետո ակտիվորեն ներգրավվել է գիտական կյանքում, իսկ 1920 թվականին ղեկավարել է Պետական Էրմիտաժի մուսուլմանական միջնադարի բաժինը։

1934-1951 թթ-ին եղել է Էրմիտաժի տնօրենը։ Օրբելին կարողացել է թանգարանի հավաքածուները զերծ պահել վաճառքից՝ պահպանելով Արևելյան և արևմտաեվրոպական արվեստի գլուխգործոցները։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Օրբելին մնացել է պաշարված Լենինգրադում՝ զբաղվելով թանգարանային արժեքների պահպանությամբ և տարհանմամբ։ Նա մասնակցել է քաղաքին հասցված վնասը պարզելու արտակարգ հանձնաժողովի աշխատանքների և որպես վկա հանդես եկել Նյուրնբերգյան դատավարությանը։ Նրա կազմակերպչական տաղանդն ու գիտության հանդեպ նվիրվածությունը հնարավորություն են տվել պահպանել մշակութային ժառանգությունը՝ անգամ ամենածանր փորձությունների պայմաններում։

1943 թվականին Օրբելին դարձել է Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի առաջին նախագահը՝ դնելով դրա գործունեության հիմքերը։ Պատերազմից հետո նա շարունակել է գիտական և մանկավարժական գործունեությունը, ղեկավարել արևելյան լեզուների և Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների պատմության ամբիոնները, կրթել աշակերտների մի ամբողջ սերունդ, որոնց թվում էին Արամ Տեր-Ղևոնդյանը, Հրաչ Բարտիկյանը։

Իր ծառայությունների համար Օրբելին արժանացել է բարձրագույն պարգևների, այդ թվում՝ Լենինի երկու և Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշանների։ Նրա կյանքը գիտությանն ու մշակույթին նվիրվածության օրինակ է, որտեղ համադրված են հնագիտությունը, արևելագիտությունն ու թանգարանային գործը։

Հովսեփ Օրբելին մահացել է 1961 թվականի փետրվարի 2-ին Լենինգրադում՝ թողնելով հարուստ ժառանգություն, որը շարունակում է ոգեշնչել հետազոտողներին և հիմք է ծառայում Արևելքի պատմության ու քաղաքակրթությունների ուսումնասիրության համար։