Կոռնիձորի մոտ՝ Արցախի ֆոնին, նկարված արցախցիներին ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել. Երիցյան

23 Մարտի 2026, 15:30

Քաղաքականություն

Արցախցի կնոջ հետ երեկ մետրոյում տեղի ունեցած միջադեպի և իմ կողմից վերջերս լուսաբանված մի քանի այլ իրադարձությունների համատեքստում մի դեպքի մասին եմ ցանկանում բոլորին պատմել, որին առնչվել են ընկերներս մի քանի օր առաջ Կոռնիձոր համայնքում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Երեք արցախցիներ, որոնք շինարարական աշխատանքներով են զբաղված Տեղ և Գորիս համայնքներում, այցելել են Կոռնիձոր համայնք և լուսանկարվել Հակարի կամրջի և Արցախի ֆոնին։ Պատճառը կարոտը քաղելն է, նրանք մի քանի լուսանկար են արել, մի քանի տեսագրություն են կատարել։ Վերադարձի արդեն ճանապարհին, նրանց կանգնեցրել են ԱԱԾ ծառայողները, փաստացի նրանց զրկել ազատությունից, առգրավել հեռախոսները, զրկել փաստաբանի հետ կապ հաստատելու հնարավորությունից և մոտ 1-2 ժամ հետո արդեն նրանք տեղափոխվել են ոստիկանության բաժին վարչական պատասխանատվության ենթարկվելու նպատակով։

Նախատեսվում էր, որ նրանք պետք է ենթարկվեին վարչական պատասխանատվության դրամական տուգանքի տեսքով, այնուամենայնիվ բավարարվել են նախազգուշացմամբ։ Նրանց հեռախոսները փաստացի խուզարկության ենթարկվեցին առանց դատարանի որոշման, բայց էականը դա չէ։

Ոստիկանության բաժնում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը արցախցիներից հետաքրքրվել է, թե որն է այդ լուսանկարների և տեսագրությունների կատարման պատճառը, ինչին ի պատասխան տղաները հայտարարել են, որ նրանք այդ եղանակով իրենց կարոտն են ընդամենը քաղել առանց որևէ այլ նպատակի, ընդամենը լուսանկարել են Արցախը, այնտեղ նստել, մի քիչ, այսպես ասած, Արցախի օդն են շնչել և լուսանկարվել Արցախի ֆոնին։

Ի պատասխան ոստիկանության այդ բարձրաստիճան պաշտոնյան, փոխգնդապետի կոչումով, արցախցուն ասել է՝ դե եթե կարոտ էիք քաղում, հենա գնացեք հանձնվեք և այդ եղանակով ձեր տուն վերադարձեք։

Հիմա ես այդ ոստիկանության փոխգնդապետին հրապարակային խոստում եմ ցանկանում տալ և մի երկու խոսք ասել, այդ քաքլանին, ով երևում է, որ վարպետ է հանձնվելու կամ կարոտ քաղելու հարցերում, որովհետև նման առաջարկներ է կատարում. Դու վաղ թե ուշ պատասխանատվության ես ենթարկվելու այդ արտահայտություններիդ համար, այդ ատելությանդ համար, այդ խտրականությանդ համար և այդ ստորությանդ համար, որ համարձակվել ես հնչեցնել Արցախցու հասցեին, այ այս խոստումս հիշի։

Հրապարակային քննադատությունը արդեն իսկ քեզ խոստացված է և կատարված է, բայց իրավական պատասխանատվության դու այդ քայլիդ համար ևս կենթարկվես»։