Ռուսաստանն ունակ է խոշոր նախագծեր իրականացնել Հայաստանում, ԱՄՆ-ն ՝ ոչ. Օլեգ Ցարև

Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Ցարևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, նրա արտաքին քաղաքական կուրսը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները։

Քաղաքական գործչի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանի՝ դեպի Եվրոպա շրջադարձը դառնա անշրջելի։

«Փաշինյանը փորձում է եվրոպական զորքեր բերել և որքան հնարավոր է շատ տարբեր միջոցառումներ անցկացնել։ Կարծում եմ՝ նա կփորձի Եվրամիության հետ կնքել հնարավորինս շատ փաստաթղթեր, որպեսզի հետո անհնար դառնա Հայաստանի վերադարձը դեպի Ռուսաստան։ Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից լիովին իրատեսական սցենար է, ցավոք», — նշել է Ցարևը։

Նրա խոսքով՝ ներկայիս միտումը կայանում է նրանում, որ Արևմուտքը աստիճանաբար կորցնում է իր դիրքերը, թեև գործընթացների իներցիան դեռ պահպանվում է։

«Միտումն այն է, որ արևմտյան աշխարհը կորցնում է իր դիրքերը։ Բայց գիտեք՝ ինչպես մաթեմատիկայում, շատ կարևոր է ածանցյալը։ Ածանցյալը նշանակում է միտում։ Որպեսզի գործընթացները շրջվեն, ածանցյալը պետք է փոխի իր նշանը։ Սակայն նույնիսկ եթե որոշ գործընթացներ դանդաղում են, դրանք դեռ շարունակում են ընթանալ իներցիայով։ Միացյալ Նահանգները կամաց-կամաց կենտրոնանալու է ներքին խնդիրների վրա։ Հարավի և Արևելքի երկրները կդառնան ավելի ուժեղ՝ մենք դա արդեն տեսնում ենք։ Հարավի տնտեսությունները լիովին մրցում են արևմտյան տնտեսությունների հետ, իսկ Չինաստանի դեմ ոչինչ անել չեն կարող։ Ռուսաստանը ժամանակին ճիշտ ընտրություն է կատարել․ Ռուսաստանը կամուրջ է Արևմուտքի և Արևելքի միջև։ Հայաստանը նույնպես։ Հայաստանը քրիստոնյա երկիր է և իր աշխարհագրական դիրքի շնորհիվ միշտ զբաղեցրել է նման կամրջի դեր։ Արևելքը կուժեղանա, և Հայաստանին նույնպես պետք է, ինչպես Ռուսաստանին, ավելի շատ նայել դեպի Արևելք, ոչ թե Արևմուտք», — ասել է Ցարևը։

Փորձագետի խոսքով՝ Հայաստանի ռազմավարական ընտրությունը պետք է հաշվի առնի պատմական և աշխարհաքաղաքական իրողությունները։

«Հայաստանն ու Ռուսաստանը միշտ միասին են եղել։ Ամեն անգամ, երբ Հայաստանը եղել է Ռուսաստանից դուրս, դա բերել է դժբախտությունների և տառապանքների։ Այդ պատճառով թվում է, թե գեղեցիկ Արևմուտքը ճիշտ ընտրություն է, բայց դա միայն թվում է։ Ռազմավարական առումով պետք է հաշվի առնել, որ Արևմուտքը տարեցտարի կորցնում է իր դիրքերը, և դա չի կարող անվերջ շարունակվել։ Վաղ թե ուշ տեղի են ունենալու լուրջ քայքայիչ գործընթացներ։ Աշխարհը մեկ հակամարտությունից անցնում է մյուսին, ուստի անհրաժեշտ են լավ հարևաններ, վստահելի գործընկերներ և ռազմական դաշինքներ։ Այդպիսի դաշինքներին պետք է միանալ փորձված գործընկերների հետ, ինչպիսին է Ռուսաստանը», — նշել է Ցարևը։

Քաղաքական գործչի կարծիքով՝ Ռուսաստանը կարող է իրականացնել ենթակառուցվածքային նախագծեր, կառուցել ատոմակայաններ և երկաթուղիներ անցկացնել Հայաստանում․ դա նրա ուժեղ կողմն է, և Ռուսաստանը կկարողանա հաղթահարել այդ խնդիրները, իսկ ԱՄՆ-ը՝ ոչ։