Անվճար պանիրը թակարդում է լինում. Խաչատրյանը՝ բժշկական ապահովագրական համակարգի մասին
03 Նոյեմբերի 2026, 17:48
Բժշկական ապահովագրական համակարգի ներդրմամբ նախկինում անվճար մատուցվող որոշ բժշկական ծառայություններ հանկարծ դարձել են վճարովի։ Այս մասին ԱԺ-ում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին։
Պատգամավորը հարցրել է՝ արդյոք հաշվարկվել է, թե լրացուցիչ ինչ ֆինանսական բեռ է առաջացել այն քաղաքացիների համար, որոնք նախկինում անվճար օգտվում էին այդ ծառայություններից։
«Օրինակ՝ աչք ստուգելը մինչև որոշակի տարիքային շեմ անվճար էր, իսկ հիմա պետք է վճարել։ Հաշվարկե՞լ եք, թե լրացուցիչ ինչքան բեռ է դրվել քաղաքացիների վրա, որոնք մինչև 2026 թվականի նոյեմբերի 2-ը չէին վճարում այդ ծառայության համար»,-ասել է պատգամավորը։
Նա անդրադարձել է նաև սոցիալական փաթեթների և առողջապահական ապահովագրության փոփոխություններին՝ նշելով, որ սոցիալական փաթեթ ունեցող քաղաքացիները փաստացի զրկվում են նախկին արտոնություններից։
«Սոցփաթեթ ունեցողներից փաստացի վերցնում եք այդ փաթեթը։ Ստացվում է՝ եթե մարդը առողջ է եղել և բժշկի չի դիմել, դուրս է մնում համակարգից։ Ապահովագրությունն այդպես չի գործում, որ մարդը մի բան էլ վնասով դուրս գա»,- ընդգծել է Խաչատրյանը։
Ի պատասխան՝ Վահե Հովհաննիսյանը նշել է, որ սակագներին ծանոթ չէ և նման վերլուծություն չունեն։ Միաժամանակ, ըստ նրա, իր անձնական կարծիքով՝ բոլոր ծառայությունների համար պետք է գործի համավճարի համակարգ։
Նախարարի դիտարկմանը Արթուր Խաչատրյանը հակադարձել է․
«Անվճար պանիրը թակարդում է լինում։ Ես 10 000 դրամ վճարում եմ, այստեղ անվճար ոչ մի բան չկա»։