Առաջին անգամ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը՝ գեղասահքի Աշխարհի առաջնության լավագույն տասնյակում
27 Մարտի 2026, 16:00
Պրահայում ընթացող գեղասահքի Աշխարհի առաջնության ազատ ծրագրում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը 123.34 միավորով զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։ Երկու ծրագրերի հանրագումարում նրանք ցուցադրել են իրենց կարիերայի լավագույն արդյունքը՝ 190,46 միավոր:
Այսպիսով, առաջին անգամ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը հայտնվել է գեղասահքի Աշխարհի առաջնության լավագույն տասնյակում։
Կամավոր ծրագրում զույգը մաքուր կատարել է գրեթե բոլոր տարրերը, սակայն նախավերջին տարրի ժամանակ սխալ է թույլ տվել։ Եթե դա չլիներ, մարզիկները կարող էին ակնկալել ավելի բարձր արդյունքի։
Աշխարհի առաջնության չեմպիոն է դարձել Գերմանիայից Միներվա Ֆաբինե Հազե -Նիկիտա Վոլոդին զույգը։ Արծաթե մեդալակիր են դարձել Վրաստանի ներկայացուցիչները՝ Եվրոպայի չեմպիոններ Անաստասիա Մետյոլկինան և Լուկա Բերուլավան: Բրոնզե մեդալներ են նվաճել կանադացիներ Լիա Պերեյրան և Տրենտ Միշոն: