Էջմիածնի կաթողիկոսական վեհարանի վերակառուցման համար Սամվել Կարապետյանը նվիրաբերել է 25 մլն դոլար

28 Մարտի 2026, 19:00

Քաղաքականություն

1910 թվականին Ալեքսանդր Մանթաշովի նվիրատվությամբ կառուցված կաթողիկոսական նստավայրի վերանորոգման մեկնարկը տրվեց 2010 թվականին ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Կարպետյան ընտանիքի շնորհիվ։ Այս մասին հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։

«Էջմիածնի կաթողիկոսական վեհարանի վերակառուցման և կից հանդիսությունների սրահի կառուցման համար բարերար Սամվել Կարապետյանը 25 մլն դոլար նվիրաբերեց։
Մեծածավալ վերանորոգման աշխատանքները տևեցին 9 տարի։  2019 թ. սեպտեմբերին  տեղի ունեցավ հիմնանորոգված Վեհարանի,  Հայրապետաց մատուռի և նորակառույց հանդիսությունների սրահի բացման հանդիսավոր արարողությունը։

Վեհարանը նվիրական է ոչ միայն որպես համայն հայության հոգևոր կենտրոնի գահանիստ։ Այստեղ են ապաստանել 1915 թվականի Ցեղասպանությունից փրկված որբերն ու գաղթականները։ Այդ շրջանում այն ծառայել է  նաև որպես զինվորական հիվանդանոց ու զինանոց:

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, բռնագրավվում է նաև Վեհարանը:

1957 թվականին Վազգեն Առաջին Կաթողիկոսին հաջողվում է շենքը վերադարձնել Եկեղեցուն և բարեկարգել։ Այդ շրջանից հետո Վեհարանի շենքը չէր նորոգվել։

Սամվել Կարապետյանին Հայոց Եկեղեցուն մատուցած բացառիկ ծառայությունների համար շնորհվում է «Սուրբ Էջմիածնի ասպետ» պատվո բարձրագույն շքանշանը: Ի հիշատակ այս իրադարձության, բարերարին հանձնվում է նաև Վեհարանի թանգարանում ցուցադրվող Ոսկե Խաչի մանրակերտը», – մանրամասնում են կուսակցությունից։