Դոնի Ռոստովում 1500 մարդ է դուրս եկել ակցիայի՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու

30 Մարտի 2026, 13:00

Քաղաքականություն

Դոնի Ռոստովում բազմամարդ հավաք է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի։ Միջոցառմանը մասնակցել է շուրջ 1500 մարդ։

Սուրբ Խաչ եկեղեցու վանահայր Տեր Հարություն քահանա Տերտերյանը նշել է, որ հայ համայնքի ներկայացուցիչներն ուշադրությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին՝ ներկա իրավիճակը բնորոշելով որպես ճնշում եկեղեցական կառույցների նկատմամբ։ Նա ընդգծել է, որ ստեղծված պայմաններում ՀԱԵ հոգևորականության համար չափազանց կարևոր է զորակցություն հայտնել հավատացյալներին։

«Կարելի է վստահորեն ասել, որ Հայ առաքելական եկեղեցուն ուղղված աջակցության հանրահավաքը հաջողված էր։ Նշանակալի է նաև, որ այն տեղի է ունեցել Ծաղկազարդի օրը»,- նշել է Տեր Հարությունը։

Հոգևորականը նաև հիշեցրել է Հայաստանում 4 արքեպիսկոպոսների ձերբակալության մասին։ «Այն, ինչ կատարվում է Հայաստանում, որտեղ 4 արքեպիսկոպոսներ են ձերբակալվել, հնարավոր չէ այլ կերպ անվանել, քան իշխանությունների կողմից ճնշում»,-ասել է նա: