Հայկական կոնյակի փառքի ճարտարապետը․Մարգար Սեդրակյան

31 Մարտի 2026, 22:00

Հայեր

Մարգար Սեդրակյանը լեգենդար հայ կոնյակագործ, ինժեներ-տեխնոլոգ և դեգուստատոր է, որի շնորհիվ հայկական կոնյակը ձեռք է բերել համաշխարհային ճանաչում։ Նրա անունը մշտապես կապված է կապված է «Դվին», «Նաիրի», «Հոբելյանական» և այլ նշանավոր կոնյակների ստեղծման հետ, որոնք դարձել են որակի և ավանդույթի խորհրդանիշներ։

Մարգար Սեդրակյանը ծնվել է 1907 թվականի մարտի 31-ին՝ Օսմանյան կայսրության Վան նահանգի Խառակոնիս գյուղում։ Նրա մանկությունը ողբերգական է եղել․ ծնողները ցեղասպանության զոհ են դարձել, և նա հայտնվել է մանկատանը։ Չնայած ծանր պայմաններին՝ նա կարողացել է կրթություն ստանալ և 1940 թվականին ավարտել Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը։ Երիտասարդ տարիքից Սեդրակյանը հետաքրքրվել է գինեգործությամբ և կոնյակի արտադրությամբ, և շուտով նրա ճակատագիրը սերտորեն կապվել է Երևանի կոնյակի գործարանի հետ։

1927 թվականից նա սկսել է աշխատել հայկական կոնյակի նոր տեսակների ստեղծման վրա, իսկ 1940 թվականին դարձել է գործարանի գլխավոր տեխնոլոգը։ Նրա դեգուստատորի տաղանդը և նորարարական մոտեցումները հայկական կոնյակին բերեցին նոր որակ։ Հենց Սեդրակյանն է մշակել յուրահատուկ տեխնոլոգիա, որն ապահովել է խմիչքի անկրկնելի համն ու բույրը։ Նրա ստեղծած կոնյակների շարքում են՝ «Հոբելյանական»՝ ԽՍՀՄ-ում առաջին բարձրակարգ կոնյակը, ինչպես նաև «Դվին», «Երևան», «Նաիրի», «Տոնական», «Ախթամար»։ Այս անունները դարձել են հայկական մշակույթի և ազգային հպարտության խորհրդանիշներ։

Ըստ լեգենդի՝ հենց Սեդրակյանի ստեղծած կոնյակն է մատուցվել Ուինսթոն Չերչիլին Յալթայի կոնֆերանսի ընթացքում, և Բրիտանիայի վարչապետն այնքան է հավանել այն, որ դարձել է հայկական կոնյակի մշտական երկրպագու։ Այս դեպքը նպաստել է հայկական կոնյակի միջազգային հեղինակության ամրապնդմանը։

Սեդրակյանը ոչ միայն արտադրության վարպետ էր, այլև իր գործին խորապես նվիրված մարդ։ Նա ակտիվ մասնակցել է ԽՍՀՄ դեգուստացիոն հանձնաժողովների աշխատանքներին, պատրաստել երիտասարդ մասնագետներ և ձգտել պահպանել ավանդույթները՝ միաժամանակ ներդնելով նորարարություններ։ Իր վաստակի համար նա արժանացել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչմանը (1971 թ.), ինչպես նաև պարգևատրվել Լենինի շքանշանով և այլ բարձր պարգևներով։

Մարգար Սեդրակյանի կյանքը վկայում է այն մասին, որ մարդը, հաղթահարելով ծանր փորձություններն ու կորուստները, կարող է իր տաղանդով ու նվիրումով աշխարհին փոխանցել հայրենիքի համն ու ոգին։ Նրա ստեղծած կոնյակները վերածվել են ոչ միայն խմիչքի, այլև մշակութային արժեքի։ Սեդրակյանի շնորհիվ հայկական կոնյակը զբաղեցրել է իր արժանի տեղը աշխարհի լավագույնների շարքում։