Մոսկվայում բողոքի ակցիա է անցկացվել ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու
01 Ապրիլի 2026, 19:11
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի ընթացքում բողոքի ակցիա է անցկացվել ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու։
Հայկական սփյուռքի հարյուրավոր ներկայացուցիչներ հավաքվել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մոտ՝ իրենց աջակցությունը հայտնելու եկեղեցուն։ Ակցիայի մասնակիցները պահանջել են, որ Հայաստանի իշխանությունները դադարեցնեն հարձակումները Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ և ազատ արձակեն կալանավորված հոգևորականներին։ Ցուցարարները հանդես են եկել «Եկեղեցին՝ հայ ազգի հիմքն է» և «Կաթողիկոսը՝ Եկեղեցու գլուխն է» կարգախոսներով։
Հասարակական գործիչ Լևոն Մուքանյանի խոսքով՝ հավաքվածները եկել են իրենց աջակցությունը հայտնելու Հայ Առաքելական եկեղեցուն և պահանջելու ազատ արձակել նրանց, ովքեր, իրենց կարծիքով, անարդար են դատապարտվել։
«Այսօր Հայ Առաքելական եկեղեցին ներկայիս իշխանությունների գործողությունների հետևանքով դադարել է ընկալվել որպես ազգի անվերապահ հոգևոր և բարոյական հիմք։ Փոխարենն այն ներկայացվում է որպես իշխանության քաղաքական ընդդիմախոս», — նշել է Լևոն Մուքանյանը։
Իր հերթին հասարակական գործիչ Միքայել Բադալյանը հայտնել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայ Առաքելական եկեղեցու աջակցության նպատակով կազմակերպված ստորագրահավաքը երկուսուկես շաբաթում հավաքել է ավելի քան 100 հազար մասնակցի աջակցություն։ Նրա խոսքով՝ սա վկայում է հասարակության բարձր ակտիվության և սեփական դիրքորոշումը բացահայտ արտահայտելու պատրաստակամության մասին։
Բադալյանը նաև նշել է, որ նախաձեռնությունը շարունակվում է Armspyurk.com կայքում, որտեղ ամեն օր արձանագրվում է մասնակիցների թվի աճ։
Ակցիայի ավարտին մասնակիցները կոչ են արել դադարեցնել հոգևորականների նկատմամբ հետապնդումները և վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել եկեղեցուն։