Մերձավոր Արևելքում հակամարտությունը սրվում է, և Հայաստանին անհրաժեշտ է համաձայնեցնել դիրքորոշումները․ Վլադիմիր Կիրեև

Միջազգային եվրասիական շարժման վերլուծական բաժնի ղեկավար Վլադիմիր Կիրեևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա։

Փորձագետի կարծիքով՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունը օրեցօր ընդլայնվում է, ուստի Հայաստանին անհրաժեշտ է իր դիրքորոշումները համադրել անվտանգության համակարգի բոլոր մասնակիցների հետ։

«Մերձավոր Արևելքում հակամարտությունն օրեցօր սրվում է, աճում է ռազմական վտանգի մակարդակը, մեծանում է ներգրավված կողմերի թիվը։ Լիովին հնարավոր է ակնկալել իրավիճակի հետագա էսկալացիա, ռազմական գործողությունների տարածում նոր երկրների տարածքներ։ Հայաստանի ղեկավարության համար առաջնահերթ խնդիրն իր անվտանգության ապահովումն է, հատկապես հաշվի առնելով, որ Եվրոպական միությունը և ԱՄՆ-ը չեն կարողանում լիարժեք վերահսկել իրավիճակը տարածաշրջանում։

Ուստի Հայաստանի ղեկավարության խնդիրը սեփական դիրքորոշումը համադրելն է տարածաշրջանային անվտանգության համակարգի բոլոր հիմնական մասնակիցների հետ։ Առավել ևս, որ Ռուսաստանը ներկայումս բավական արդյունավետ հարաբերություններ ունի ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Իրանի հետ», — նշել է Կիրեևը։

Փորձագետը նշել է, որ Փաշինյանի` Մոսկվա այցի երկրորդ կարևոր կողմը կապված է Թուրքիաի ակտիվության հետ, որը, նրա կարծիքով, ձգտում է Ադրբեջանի հետ համատեղ հասնել Հայաստանի տարածքի մասնատմանը՝ ստեղծելով միջանցք Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև, ինչպես նաև ձևավորելով երթուղի Թուրքիայից դեպի Կասպից ծովի երկրներ և Կենտրոնական Ասիա։

«Այս ամենը պահանջում է դիրքորոշումների համադրում, և այդ պատճառով Նիկոլ Փաշինյանը փոփոխված հանգամանքներում պետք է ապահովի աջակցություն, այդ թվում՝ Մոսկվայից, կամ առնվազն հստակ պատկերացում կազմի նրա դիրքորոշման մասին տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ»,- եզրափակել է Կիրեևը։